Մետրոպոլիս | Metropolis
Ռեժիսոր՝ Ֆրից Լանգ
Արտադրման տարեթիվ՝ 1927
Տևողությունը՝ 150 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
Մուտքն ազատ է
Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
«Գյոթե» կենտրոնի կինոակումբի փետրվարյան ծրագրում հարգանքի տուրք ենք մատուցում համաշխարհային կինոյի վարպետ Ֆրից Լանգին, ով այս տարի կնշեր ծննդյան 130-ամյակը: Նրա ֆիլմոգրաֆիան լի է կինոյի լեզուն հարստացրած ու կինոյի երեսը հավերժ փոխած զանազան ֆիլմերով և մենք միասին հնարավորություն կունենանք դիտելու դրանցից չորսը։
«Մետրոպոլիս»-ը կինոյի պատմության առաջին գիտաֆանտաստիկ լիամետրաժ կինոնկարներից մեկն է: Գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում, երբ թռչող մեքենաներով ու երկնքից էլ վեր խոյացող շինություններով լի Մետրոպոլիսում օրեցօր ավելի և ավելի է խորանում քաղաքի երկնաքերերում ապրող հարուստ սեփականատերերի ու ստորգետնյա կացարաններում տքնող չքավոր աշխատավորների միջև հակակրանքը: Մեծահարուստի որդի Ֆրեդերը սիրահարվում է Մարիային, սակայն դասակարգային հակասություններն ամեն վայրկյան կարող են անդառնալի բռնության վերաճել:
Սոցիալական ու փիլիսոփայական ենթատեքստերով, տպավորիչ դեկորացիաներով ու ցնցող հատուկ էֆեկտներով հագեցած այս ֆիլմը երկար տարիներ երբևէ ստեղծված ամենաթանկարժեք կինոնկարն էր համարվում:
«Գյոթե կենտրոնի» կինոակումբն իրականացվում է Երևանում «Գյոթե կենտրոնի» և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի համատեղ ուժերով: Գրեթե ամեն շաբաթ հավաքվում, դիտում և քննարկում ենք զանազան շրջանների գերմանական ֆիլմեր՝ համր շրջանից մինչև մեր օրեր: Բոլոր կարծիքներն էլ ողջունվում են: Այնպես որ՝ համեցե՛ք:
Arts
Like and share!
We know you like art. Start playing or drawing like a professional. Get news on the latest events and art courses by subscribing now!