search
-
Մեկնարկ
Ավարտ

Մասնագիտությունը= թրենդ

System Of A Down-ի «Yesterday»-ը շատ լավ ներկայացնում է Հայաստանում թրենդերի նկատմամբ վերաբերմունքը։ Կրթությունն էլ իր հերթին ունի թրենդային մասնագիտություններ և ժամանակ առ ժամանակ ինչ-որ մասնագիտություններ շատ ավելի տարածված են, քան՝ մյուսները։ Օրինակ՝ երբ ես դպրոցական էի, ամենաթրենդային մասնագիտություններից էին՝ իրավագիտությունը և հաշվապահությունը։ Հիշում եմ՝ նույնիսկ մոտս հարց էր ծագում՝ այդ քանակությամբ հաշվապահ ու իրավաբան/փաստաբան ի՞նչ ենք անում։ Հիմա թրենդային է ՏՏ ոլորտը, մասնավորապես՝ ծրագրավորումը։

Հայաստանի աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկը ունեն ՏՏ ոլորտի մասնագետները։ Տարեկան 4096 թափուր աշխատատեղ է լինում։ Ունի նաև լավ ցուցանիշ միջին աշխատավարձի շեմի համար։ Մի խոսքով՝ շատ գրավիչ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են մասնագիտությունը փոխելու մասին։ Բայց այս ամենը ամենևին չի նշանակում, որ դա հեշտ և արագ ճանապարհ է։

«Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոց»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նմանատիպ թրենդային ընտրությունը համարում է անգիտակից։ Նա հիմնարար տարբերություն է դնում ծրագրավորողի և կոդ գրողի (coder) միջև. «Ծրագրավորողը նա է, ով լուծում է խնդիրներ, ոչ թե՝ կոդ գրում, նա, ով կախված չէ տեխնոլոգիաներից և թրենդային լեզուներից, նա, ով օգնում է պատրաստել նոր կադրերի և այլն։ Իսկ նա, ով ընդամենը անում է իրեն հանձնարարվածը՝ կոդ գրող է (coder)»։

Շատ մարդիկ, ովքեր ընտրում են ծրագրավորումը հետևելով թրենդին, հենց այս հիմնային տարբերությունը չեն տեսնում։ Թրենդային լեզուներ սովորելով ծրագրավորող չես դառնա։ Լավ մասնագետը անընդհատ ինքնակրթվում ու զարգանում է։ Դժվար է գծել իդեալական մասնագետի կերպարը ու բոլորին ասել, որ եթե դրան հետևեն, կդառնան «ծրագրավորող»։ Բայց «ծրագրավորումը» միակ լուծումը չէ ՏՏ ոլորտում կայանալու համար։

Ես անձամբ ՏՏ ոլորտ եկել եմ պատահաբար։ Իմ մասնագիտությունը կարելի է ասել հակաթրենդ է ու ՏՏ ոլորտին մոտ է այնքանով, որքանով փիղը բալետին։ Ուր ՏՏ-ն իր փառահեղ գահին նստած, ուր՝ արվեստաբանությունը։ Ես ընդհանրապես չէի տիրապետում շատ հմտությունների, իսկ որոշ պարտականություններ ինձ նույնիսկ մինչև հիմա սարսափեցնում են։ Մեղքս չեմ թաքցնի, երկար ժամանակ ես էլ էի մտածում. «Գնամ մի քանի լեզու սովորեմ, դառնամ ծրագրավորող, կամ օգտագործեմ «չեղած» նկարչական կրթությունս ու դառնամ դիզայներ»։ Հեշտ էր թվում այդ ճանապարհը։ Փորձեցի երկուսն էլ։ Հասկացա՝ եթե նույնիսկ մի քանի լեզու սովորեմ, ծրագրավորումը ընդհանրապես իմը չէ, իսկ իմ բացակայող արտիստիկ տաղանդներով հաստատ դիզայնի մասին խոսելն էլ ավելորդ էր։ Բայց հանգիստ կարելի է աշխատել ՏՏ-ում՝ առանց թրենդային «ծրագրավորող» կամ «դիզայներ» դառնալու։ Կան շատ ալտերնատիվ տարբերակներ «Project Management», «QA», «DevOps engineer» և այսպես շարունակ։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close