search
-
Մեկնարկ
Ավարտ

Art օնլայն. արդյո՞ք հնարավոր է առցանց արվեստ սովորել

Վերջին մի քանի տարիների տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տվել շատ բաներ ուսումնասիրել օնլայն տարբերակով։ Որոշ դեպքերում, օրինակ, լեզուների և ծրագրավորման, կան շատ լավ մշակված դասընթացներ և լեկցիաներ, հեռախոսային հավելվածներ և այլն, որոնցով շատ հեշտ է սովորել կամ որոնք կարելի է օգտագործել որպես գործիք հեշտացնելու համար սովորելու գործընթացը։

Բայց այսօր խոսելու ենք արվեստի մասին, դրա համար էլ առաջարկում եմ միանալ Arts and Crafts Learners Club-ին։ 

Արդյոք դա հնարավոր է նաև արվեստի դեպքում։ Այս հարցին պատասխանելու համար ես որոշեցի փոքրիկ էքսպերեմենտի դիմել։ Ընտրեցի Յութուբից 2 դասընթաց՝ վայելչագրության և նկարչության, և փորձեցի, հետևելով դրանց խորհուրդներին՝ սովորել։

Այս 2 ուղղությունների ընտրությունը պատահական չէր ինձ համար։ Ներկայումս կան շատ հեռախոսային ծրագրեր, որոնցով կարելի է քչից շատից նորմալ երաժշտական գործիք նվագել սովորել, օրինակ՝ կիթառ և դաշնամուր։

Կան հավելվածներ, որոնք ոչ միայն զուտ նվագել են սովորեցնում, այլև նոտա կարդալ և այլ շատ կարևոր հմտություններ, որ կարող ես սովորել երաժշտական դպրոց հաճախելիս։ Դրա համար կիթառն ու դաշնամուրը մերժվեցին։

Շատ կիրառական հմտություններ պահանջող դասընթացները, օրինակ, կարուձևը կամ հագուստի մոդելավորումը, նույնպես մերժվեցին, որովհետև, ըստ իս, դրանց համար հարկավոր է ոչ միայն համապատասխան տեխնիկա, այլև լավ մասնագետ, որը մանրակրկտորեն կբացատրի բոլոր նրբությունները։ Շատ որոշակի գործիքներ պահանջելով՝ կավագործությունը, տիկնիկագործությունը, փայտափորագրությունը, նույնպես դուրս մնացին ցուցակից, որովհետև համապատասխան գործիքներ և տարածք ես չունեի։

Դրա համար ամբողջ ցուցակից ես ընտրեցի այդ երկուսը։ Չնայած երկար տարիների նկարչական փորձի և կրթության` հիմնային որոշ գիտելիքներ, իմ կարծիքով, ինձ մոտ պակասում էին։ Վայելչագրությունը ընտրվեց 2 հիմնական պատճառով։ Առաջինը՝ դրանով զբաղվելու համար բոլոր նյութերը տեղավորվեցին սեղմ բյուջեի մեջ։ Երկրորդը՝ դա հնարավորություն  էր իրագործելու շատ ընկերներիս վաղեմի երազանքը՝ ավելի ընթեռնելի դարձնելու իմ սարսափելի ձեռագիրը։

Ամեն օր մեկական ժամ նվիրելով նշված ուղղություններին ՝ ես սկզբում լսում էի ու նայում էի դասը, ապա դասին զուգահեռ սկսում աշխատել։ 

Չեմ ներկայացնի ընթացքը, բայց մի քանի խորհուրդ կտամ բոլոր այն մարդկանց, ովքեր կորոշեն սովորել արվեստի այս կամ այն ճյուղը օնլայն։ 

Շատ մանրամասն ընտրեք ուսսուցողական հոլովակը և մինչև վերջնական ընտրություն կատարելը անպայման մեկ անգամ ծայրից ծայր նայեք այն։ 

Հայերեն նմանատիպ նյութեր հիմնականում չեն գտնվում, բայց ռուսալեզու և անգլալեզու նմանատիպ պարունակության բազմաթիվ նյութեր կան։ Շատ կոնկրետ եղեք՝ ինչ եք ուզում սովորել։ Ես անձամբ գրել էի «նկարչության հիմունքներ» և արդյունքում շատ վիդեոներ նայեցի, որոնք իրականում անօգուտ էին։ 

Մի վստահեք մեկ աղբյուրի: Եթե մի դասախոսը ինչ-որ տեխնիկա բացատրում է շատ բարդ կերպով, չի նշանակում, որ դա այդպես է, և միշտ կան «թեյնիկների» համար նախատեսված ու մշակված ավելի հեշտ ընկալվող դասընթացներ։

Վերադառնալով բուն թեմային՝ արդյո՞ք հնարավոր է արվեստ սովորել օնլայն։ Միանշանակ «այո» կամ «ոչ» չեմ կարող ասել։ Առաջին հերթին, իմ կարծիքով, նմանատիպ ինքնուսուցման գլխավոր թերությունը ուսուցչի կողմից ուսուցման գործընթացի մասին մեկնաբանություններ և ուղղումներ անելու հնարավորության բացակայությունն է։

Եթե նկարչական ստուդիա ես հաճախում, մասնագետը անպայման ասում է՝ ինչն ես դու անձամբ սխալ արել կամ ոնց դա շտկել, իսկ օնլայնի դեպքում դա անհնար է։ Ապա տեխնիկական սպառազինման տարբերությունը։ Օրինակ՝ կարի մեքենաների տարբեր ֆիրմաները որոշակի որակական և հնարավորությունների տարբերություն են տալիս, որոնց եթե անձամբ ծանոթ չես, խորհուրդ տալ էլ չես կարող։ Մեկ այլ կարևոր կետ անձնական շփման բացակայությունն է։ Մի կողմից շատ բաներ, օրինակ՝ գրաֆիկական ծրագրեր, շատ ավելի հեշտ է սովորել օնլայն տարբերակով։ Մյուս կողմից՝ եթե հիմնային գիտելիքներ դուք արդեն ունեք, նմանատիպ դասընթացները կօգնեն որոշակի տեխնիկաներ սովորել կամ կբացահայտեն մանր-մունր գաղտնիքներ։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close