Ինձ միշտ հարցնում էին «Ի՞նչ ես ուզում դառնալ, մամայի հետքերով գնալու ես, դառնա՞ս գերմաներենի ուսուցչուհի», իսկ ես այդ մտքից արդեն նյարդանանում էի։ Բայց, այնուամենայնիվ, գերմաներենի հետ իմ կապը ստացվեց շատ ինքնաբերաբար և ինքնըստինքյան։
Բրյուսովում սովորելու 4 տարիների ընթացքում շատ անգամներ եմ բողոքել ու փոշմանել ընտրած մասնագիտությանս համար, բայց ինչպես ասում են, եկեք խոստովանենք, որ լավ կետեր էլ կային։
Գերմաներենը ինձ համար որոշ չափով լեզվամտածողության նոր հիմքեր է դրել։ Նույնիսկ մեր կուրսում ուսանողները մնացած կուրսերից տարբերվում էին իրենց մտածողությամբ, իրենց վերաբերմունքով թե դասերի, թե առհասարակ կյանքի նկատմամբ։ Հստակ տրամաբանություն ու փիլիոսոփայություն կա այս լեզվի մեջ, որ դժվար միանգամից կարողանաս ըմբռնել կամ հասկանալ։ Կարճ ասած գերմաներենը ինձ տվեց մարդկանց, ում ես հիմա ընկեր եմ ասում։ Հավանաբար համալսարանի լավագույն ձեռքբերումս է։
Համալսարանական ջերմ հիշողություն է նաև DAAD-ի կրթաթոշակով Գերմանիայում ուսանելը։ Առհասարակ շատ եմ նկատում, որ Գերմանիայում ուսանելու հնարավորությունները շատ են գրավում տարատեսակ մասնագիտություններով մարդկանց, ինչն էլ իր հերթին կարծիք է փոխում հենց լեզվի մասին։ Գերմաներենը սիրելու տենդենց է նկատվում։
Անձամբ ինձ մոտ գերմաներենը մինչև այսօր «հարցեր է լուծում»։ Առաջին աշխատանքային փորձս եղել է գերմաներենի շնորհիվ։ Երկրորդս նույնպես☺ Ու մինչ այսօր գերմաներենը ինքն իրենով արդեն որոշիչ դեր է խաղում աշխատանք գտնելու հարցում։ Այն մարդկանց, ովքեր պնդում են, որ լեզու սովորելով ոչինչ չես կարող անել ու դա անիմաստ ժամանակի կորուստ է, հանգիստ կարելի է ասել «քուանշ»։ Վստահ կարող եմ ասել, որ գերմաներենը հնարավորությունների լեզու է։ Կան շատ ծրագրեր, որոնց կարող ես դիմել միայն, եթե գիտես գերմաներեն, նույնիսկ շատ գործատուների համար անգլերենն ու գերմաներենը հավասար կարևորություն ունեն ու ռուսերենի իմացությունից էլ ավելի բարձր է գնահատվում գերմաներենի իմացությունը։ Իսկ շատ գերմանական կամ ավստրիական կազմակերպություններ իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում ու ապագա աշխատակցից միայն երկու բան պահանջում՝ շատ լավ գերմաներենի իմացություն ու ձգտում։ Մի խոսքով սովորեք լեզուներ, լինեն դրանք օտար, թե ծրագրավորման և առհասարակ մի դադարեք սովորել։