search
-
Մեկնարկ
Ավարտ

Ուզում եմ ծրագրավորում սովորել. ո՞ր լեզուն ընտրեմ

Ծրագրավորման լեզու ընտրելը այն ամենակարևոր խնդիրներից մեկն է, որին բախվում է ցանկացած սկսնակ։ Հարցնում ես քիչ թե շատ տեղյակ ընկերներիդ, նրանք խորհուրդ են տալիս մի լեզու, մյուսները կտրականապես դեմ են արտահայտվում։ Իսկ ու՞մ լսել, ո՞րն ընտրել։ Բարդ հարց է, բայց կարելի է կողմնորոշվել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Մասնավորապես, եթե արդեն գիտես, թե ինչով ես ուզում զբաղվել ապագայում, ապա համապատասխան լեզուն ընտրելը դառնում է բավական հեշտ։

Ի դեպ, մենք նմանատիպ քննարկումներ ենք ունենում նաև մեր ֆբ խմբում Programming Learners Club-ում։

Օրինակ, մեքենայական ուսուցման (ML) և արհեստական բանականության (AI) համար կարելի է Python սովորել: Github-ի 2018թ.-ի տվյալներով հենց Python-ն է ամենաշատը կիրառվել մեքենայական ուսուցման մեջ։ Պատճառները շատ են։ Մասնավորապես, այն ավելի հեշտ ու պարզ է օգտագործել, ունի framework-ների ու library-ների մեծ քանակ, ավելի տարողունակ է տվյալներ պահելու հարցում, ճկուն է ու հեշտ կարդացվող, ունի տարբեր պլատֆորմների հետ աշխատելու հնարավորություն և այլն։ Այնպես որ, եթե ապագադ 21-րդ դարում չես պատկերացնում առանց մեքենայական ուսուցման կամ արհեստական բանականության հրաշքների, Python-ը թերևս լավագույն ընտրությունն է։

Դե իսկ եթե հետաքրքրված ես հեռախոսների համար տարբեր հավելվածներ ստեղծելով, ապա մնում է միայն որոշել, թե որ օպերացիոն համակարգի (OS) հետ ես նախընտրում գործ ունենալ։ Android-ի դեպքում ընտրությունդ կանգ կառնի Java-ի վրա, իսկ ահա IOS-ի դեպքում քեզ պետք կգա Swift-ը։
Swift-ը համեմատաբար երիտասարդ լեզու է, ստեղծվել է 2014թ.-ին  Apple-ի կողմից հենց իր կողմից ստեղծված եւ IOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար հավելվածներ գրելու համար։ Այն արագ լեզու է, հեշտ է սովորել տեխնիկական background չունեցող մարդկանց համար ու պահանջված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Apple-ի սարքավորումներն են պահանջված։ Միակ թերությունը թերեւս կիրառման համեմատաբար նեղ շրջանակն է։

Java-ն գուցե մի քիչ ավելի ծերուկ է, բայց կիրառության ու տարածվածության առումով միանշանակ գերազանցում է Swift-ին։ Կարելի է որպես ապացույց մեջբերել նրա մասին հայտնի խոսքը՝ «write once, run everywhere»։ Java-ով գրված կոդերը աշխատում են բոլոր պլատֆորմների վրա (platform independence) ։ Դրանք օգտագործվում են տարբեր տեղերում՝ վեբ ծրագրերում, դեսքթոփ հավելվածներում եւ այլն։ Այս եւ այլ մի շարք առավելությունների շնորհիվ այն ունի օգտագործման լայն հնարավորություններ։

Իսկ եթե չգիտես, թե որն է «քոնը»… Այս դեպքում կարելի է սկսել այն լեզուներից, որոնք լայն կիրառություն ունեն։
Նույն Python-ը, բացի մեքենայական ուսուցումից, օգտագործվում է շատ հավելվածների, արհեստական բանականության հետ աշխատելիս։ Python-ը համարվում է անցած տարվա «ծրագրավորման լեզու», այնպես որ հաստատ կգտնես, թե որտեղ օգտագործել։

Այստեղ դե իհարկե չենք կարող չխոսել JavaScript-ի մասին։ Այն կարող ես կիրառել նաև բրաուզերային խաղերի, անգամ հեռախոսային հավելվածների ստեղծման համար (չնայած դրանց համար կան ավելի օպտիմալ տարբերակներ)։

Ընդհանրապես, JavaScript-ը ամենատարածված լեզուներից մեկն է։ Ուստի եթե չգիտես, թե ինչից սկսել, կարող ես հենց նրա վրա կանգ առնել։

Մի խոսքով, մասնագիտության ու լեզվի ընտրությունը պետք է կատարես այն հանգամանքը հաշվի առնելով, թե ինչն է քեզ ավելի մոտ ու հոգեհարազատ։ Փողն ու մնացած գործոնները իհարկե կարևոր են, բայց միայն դրանցով առաջնորդվել էլ չի լինի։  Փորձիր ընտրել լեզուն՝ կախված նրանից, թե ինչով ես ուզում զբաղվել հետագայում։ Իսկ եթե դեռ չես կողմնորոշվել, կարող ես միանալ մեր խմբին ու քննարկել մեզ հետ բոլոր հարցերը։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close