«Ինչպես լինել վատ ուսուցիչ» ձեռնարկը, իհարկե, բավականին զվարճալի է, և որոշ կետերի հետ ես ինքս համաձայն եմ, բայց…
Իմ բայցերը իրականում շատ են ու շատ են բայցերը, որովհետև «եղել եմ ուսուցչի կաշվում»։ Ես չեմ հերքում, որ այս ձեռնարկին համապատասխան շատ կադրեր կան մեր ուսումնական և կրթական միջավայրում, հանդիպել եմ նրանց թե՛ դպրոցական տարիքում, թե՛ ուսանողական։ Ես չեմ հետևել նշված կետերին, բայց համարո՞ւմ եմ ես ինձ լավ ուսուցիչ, կամ էլ ավելի կարևոր է՝ համարում են արդյո՞ք իմ աշխակերտները ինձ լավ ուսուցիչ։
Ես ինձ երբեք լավ ուսուցիչ չեմ համարել ։ Առաջին հերթին, որովհետև ես ինքս չեմ հասկանում՝ ինչ պետք է սովորեցնել երեխաներին։ «Արվեստի պատմություն» առական դասավանդելիս և նախարարության կողմից հաստատված ծրագրին ծանոթանալիս ինձ մոտ մի «սար» հարցեր են առաջացել. դրանցից ամենակարևորները «Ի՞նչ վատություն են երեխաները արել այս «ծրագրի հեղինակին» և «Ինչպե՞ս սրա տակից դուրս գալ»։ Բոլորը գիտեն, թե ինչ հսկայական, ուղղակի ահռելի խնդիրներ ունի մեր կրթական ոլորտը՝ սկսած անորակ ու անիմաստ դասագրքերից մինչև խեղաթյուրված ու ծաղրալի նախարարական ծրագրերը։ Չեմ ուզում «ձեռնարկին» հետևող ուսուցիչներին արդարացնել, բայց խնդիրը միայն ուսուցիչներինը չէ։ Աշխատանքի ընդունվելիս, անգամ մանկավարժություն ուսումնասիրելիս ոչ ոք ձեռքդ չի տալիս «լավ ուսուցչի ձեռնարկ», ու ազատությունն ու ազնվությունը ևս չեն ապահովում «լավ ուսուցչի պաշտոնը»։
Կան դասարաններ, որտեղ դասավանդելը մեծագույն հաճույք է, և կան այնպիսինները, որոնց անգամ անունը հիշելիս տրամադրության կտրուկ կորուստ ես ապրում։ Երեխաները, որոնք իրենց տան ու անձնական խնդիրները թափելու են քո գլխին, որոնք հավաքվելու են «ոհմակի» մեջ, որ հարձակվեն վրադ։ Այո, կան այդպիսի դասարաններ, կապ չունի հետևել ես ձեռնարկին, թե չէ, այդպիսի դասարաններում նույնիսկ գերազանցիկներն են շատ արագ փոխակերպվում։ Այստեղ դաս տալ կարողանում են միայն «վատ ուսուցիչները», կիսատ-պռատ, բայց կարողանում են, իսկ ինձ նման մարդուն նրանք ուղակի «հոշոտում են»։ Հիմա կասեք՝ «դե դա քո մեղքն է»։ Իսկ ո՞րն է իմ մեղքը, երբ մեկը իր տան խնդիրները բերել է դասարան, իսկ մյուսները այնքան են խորասուզված իրենց անձնական խնդիրների մեջ, որ կուտակված բացասական էներգիան թափում են քո գլխին։
«Չես կարողանում հետաքրքիր կազմակերպել դասը, ճիշտ մեթոդը գտնել»։ Իհարկե այն աղմուկն ու «շուկան», որ տիրում են դասի ժամանակ, որը դու արդեն հոգնած, գլխացավով փորձում ես կանգնեցնել արդեն իսկ հետ է պահում քո բուն պարտականությունների կատարումից։Դասով էլ եթե մի կամ լավագույն դեպքում երկու հոգի հետաքրքրվում են, իսկականից փառք է։ Ու այս ամեն ինչը դու ստանում ես ամսական 60,000 դրամի դիմաց (մի քիչ ավել կամ մի քիչ պակաս՝ կախված պաշտոնից ու պարտականություններից)։ Ու որպես «կցորդ»` դժգոհ ծնողներ, որոնք նույնպես որոշում են քեզ վրա թափել իրենց ողջ բացասական էներգիան։ Իրականում հեշտ է ամբողջ մեղքը գցել ուսուցիչների վրա, բայց երրորդ դասից հետո, ցավում է կոկորդը, կապ չունի գոռացել ես, թե չէ։ Չորրդից հետո դու ունես լուրջ գլխացավ, և դրական էնեգիայի պակաս։ Հինգերորդից հետո դու ուղղակի դատարկված ու հոգնած ես։ Ու այդպես ամեն օր՝ գրեթե ամեն Աստծու օր՝ չհաշված գրավորները, որոնց մեծ մասի իմաստն ու նպատակը անհասկանալի են, ծնողական ժողովները ու հսկայական թղթատարությունը։
Ես վատ ուսուցիչ եմ եղել, որովհետև, ես ինքս անձամբ չեմ հասկացել ու չեմ էլ հասկանա այդքան կենսագրություններ սովորելու իմաստը։ Չեմ հասկանա, թե ինչու ես երեխային, որ ինձ մոտ պատմում է իրեն դուր եկած արվեստի գործից, պետք է գնահատեմ ու ինչ չափորոշիչով։ Վատ ուսուցիչ եմ, որովհետև շատ-շատ հաճախ արվեստի պատմության փոխարեն, ես երեխաներին բացատրում ու պատմում էի ֆիզիկայի պատմություն, մաթեմատիկայի պատմություն, հայերենի և անգլերենի լեզվաբանության հիմունքներ։ Ես վատ ուսուցիչ եմ, որովհետև որպես գործնական աշխատանք՝ երեխաներին խնդրում էի պատմել երաժշտությունից, գրականությունից, կինոյից, թատրոնից։ Ես տալիս էի ստեղծագործական ազատություն։ Ու ինչ սովորեցին երեխաները դրանից հետո, կթողնեմ Ձեր երևակայությանը։
Իրականում ես էլ անում էի «վատ ուսուցչի ձեռնարկի» հակառակը, բայց միևնույն է, վատ ուսուցիչ եմ։