Ծրագրավորումը մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, ուստի դրա նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը զարմանալի չէ։ Շատերն են փորձում ձեռք բերել երկրորդ մասնագիտություն կամ գուցե ընդհանրապես փոխել իրենց կյանքն ու կարիերա սկսել այլ ոլորտում։ Սակայն երբեմն առաջին ակնթարթի ոգևորությունը շատ շուտ մարում է, քանի որ փակուղի է առաջանում. իսկ ինչպե՞ս սկսեմ, արդյո՞ք կարող եմ։
Եթե երկրորդ հարցի պատասխանը միանշանակ այո է, ապա առաջինի դեպքում պետք է դիմել փորձառու ծրագրավորողների օգնությանը։ Չէ՞ որ նրանք ունակ են օգնելու կատարել առաջին քայլերը և չհուսահատվել հանդիպած դժվարություններից։ Եթե հետաքրքրված ես ծրագրավորմամբ, կարող ես մեր ֆեյսբուքի խմբին միանալ՝ Programming Learners Club-ին։
Եվ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչպես սկսել զբաղվել ծրագրավորմամբ։
Մինչ կոդեր գրել սովորելը շատ կարևոր է մի քանի բան սովորել։ Մասնավորապես.
- Ինֆորմատիկայի հիմունքները. Կոդեր գրելը առանց հասկանալու, թե ինչպես են համակարգիչները աշխատում, մի քիչ անիմաստ է։
- Ցանցերի աշխատանքի ձևերը. Այս կետը թույլ կտա հասկանալ, թե ինչպես են տարբեր համակարգիչները կապվում իրար հետ։
Հետո արդեն կարելի է փորձել հասկանալ, թե ինչպես են կառուցվում վեբ կայքերը։ Օրինակ, բրաուզերը, որը հիմա դու օգտագործում ես, յուրօրինակ թարգմանչի դեր է ստանձնում ու դիտողի՝ տվյալ դեպքում քեզ համար թարգմանում է այն կոդերը, որոնք գրված են HTML, CSS, JavaScript-ի միջոցով։
HTML
Եթե առաջին անգամ ես առնչվելու ծրագրավորման հետ, HTML-ը կլինի քո առաջին քայլը այս աշխարհում։ Հարկ է նշել, որ այն ծրագրավորման լեզու չէ։ Սակայն հենց HTML-ում են նշագրվում, թե որ էլեմենտները պետք է երևան վեբ էջում։ Այսպիսով՝ տեքստերը, նկարները, հոլովակներն ու ձայնագրությունները, որոնք երևում են բրաուզերի էջին, տեղադրված են հենց HTML-ի միջոցով։
CSS
CSS-ը HTML-ի տրամաբանական շարունակությունն է։ Ինչպես HTML-ը, CSS-ը նույնպես ծրագրավորման լեզու չէ։ Այդուհանդերձ, վերջինս գործողությունների էլ ավելի մեծ հնարավորություն է ընձեռում։ CSS-ը HTML-ում տեղադրված էլեմենտներին ավելի գեղեցիկ տեսք ու համապատասխան դիրքավորում է տալիս։ Այստեղ կարելի է փոխել էլեմենտների գույները, չափերը, տեքստերի ֆոնտերը և այլն։ HTML-ի և CSS-ի ճիշտ ու պրոֆեսիոնալ օգտագործումը արդեն իսկ կայքին պատշաճ տեսք է տալիս։ Այ հենց այստեղ էլ պետք է սկսել ծրագրավորման առաջին լեզուն սովորելը։
JAVASCRIPT
Եկեք պարզ խոսենք։ Եթե ուզում ես լավ ծրագրավորող լինել, վաղ թե ուշ, պետք է սովորես JavaScript։ Դա ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ JavaScript-ը ամենուր է։ Դրա կարևորության մասին խոսելն անիմաստ է։ Եթե նախորդ երկուսը նշագրման լեզուներ էին, ապա JavaScript-ը արդեն ծրագրավորման լեզու է։ Այն էջին հաղորդում է ինտերակտիվություն, դինամիկություն։ JavaScript-ը թույլ է տալիս վեբ էջում անել մաթեմատիկական գործողություններ, կատարել տվյալների մշակում, կապում է օգտագործողի գործողությունները իրադարձություններին և այլն։ Հենց JavaScript-ով են ստեղծվում շատ վեբ կայքեր և էփփեր։ Միաժամանակ հարկ է նշել, որ ըստ StackOverflow-ի վերջին հարցումներից մեկի, ծրագրավորողների 62%-ը ինչ-որ շրջանում աշխատել կամ դեռ աշխատում է JavaScript-ով։ Այնպես որ պատրաստ եղեք լինել լավագույնը նրանց շարքում։
Սրանք այն առաջին քայլերն են, որոնք դու կկատարես անվերջ ինֆորմացիայով ու հնարավորություններով լի այս ոլորտում։ Իսկ թե ինչ անել հետո, ես ու դու կքննարկենք մի ուրիշ անգամ։ Մինչ այդ, չմոռանաս կարդալ՝