Բարև։ Մտածե՞լ ես այն մասին, թե ինչ կապ կարող է լինել քո բնավորության ու արվեստի այն ճյուղի մեջ, որով պիտի զբաղվես։ Ես որոշեցի ինքս ինձ համար գտնել պատասխանն ու կիսվել քեզ հետ էլ։
Շատ սոցիալական հարցումներ և հետազոտություններ ցույց են տալիս, որ բժշության, բիզնեսի կամ ցանկացած այլ ոլորտում հայտնի և կայացած մասնագետների մի ստվար զանգված ունի արվեստի հետ կապված հոբբի։ Արվեստը կարող է օգնել քեզ բացահայտել քո թաքնված ներուժը։ Շատ մարդկանց համար արվեստը հակասթրեսային միջոց է։ Որոշների համար շփման և սոցիումի հետ հարաբերվելու հնարավորություն։ Եթե դու որոնում ես քեզ համար նոր և հետաքրիր զբաղմունք, որը հնարավորություն կտա նորովի նայել քեզ շրջապատող աշխարհին և ինքդ քեզ՝ քո ներաշխարհին, արվեստը ճիշտ ընտրություն է։
Հա, չմոռանամ ասել, եթե հետաքրքրված ես արվեստով, միացիր մեր ֆեյսբուքի խմբին՝ Arts and Crafts Learners Club-ին։
Հիմա ինչպե՞ս ընտրել
Վերջին մի քանի տարիների ընթացքում մի շարք համալսարաններ և գիտնականներ փորձել են պատասխանել հարցին՝ արդյո՞ք մարդու բնավորությունից կախված է նրա՝ արվեստի այս կամ այն ճյուղի նախընտրությունը։ Հստակ բանաձև չկա։ Կան որոշակի բաժանումներ և նույնիսկ թեստեր, որոնց միջոցով կարելի է ստուգել՝ արվեստի որ ճյուղն է հնարավորինս մոտ քո հոգեբանական կերպարին, բայց նման մոտեցումը առանձնապես վստահելի չէ։ Նման թեստի միջոցով կարող է պարզվել, որ քեզ համապատասխանում է բալետը, բայց դու զուրկ լինես երաժշտական լսողությունից, կամ ռիթմի զգացողությունից։ Սոցիոլոգները իրենց հերթին ավելի որոշակի են՝ ասելով, որ էքտրավերտները ավելի նախընտրում են խմբակային, աշխույժ և ակտիվ արվեստը՝ դերասանություն, պար և այլն։ Ինտրովերտները նախընտրում են ավելի անհատական զբաղմունքներ՝ նկարչություն, երաժշտություն։ Բայց այս բաժանումն էլ հստակ և վերջնական չէ։ Անձնական փորձը իրականում որոշում կայացնելու ամենահեշտ և հստակ ուղին է։
Իսկ եթե նախընտրություն չկա՞
Արվեստի ճյուղ ընտրելիս հիմնվում են որոշակի անձնական նախընտրության վրա։ Դու սիրում ես նկարել, ընտրում ես նկարչության խմբակ։ Բայց հարց է ծագում՝ ի՞նչ ընտրել, եթե դու երբևիցե չես զբաղվել արվեստով և չունես նախընտրություն։ Աշխույժ և ակտիվ զբաղմունք սիրող մարդկանց կգերեն պարերը, բայց և մյուս կողմից նրանք հաճույք կարող են ստանալ և՛ խեցեգործությունից, որը հնարավորություն կտա ցրվելու։ Ավելի պասիվ և հանգիստ մարդիկ կարող են զբաղվել նկարչությամբ։ Միշտ վերլուծություններով զբաղվող մարդկանց կարող է հետաքրքրել ասեղնագործությունը։ Բայց այս ամենը նույնպես հստակ և որոշակի չէ. դու կարող ես գնալ նկարչական խմբակ և բացահայտել քեզ համար կավագործությունը, իսկ պասիվ և հանգիստ սիրող մարդը կարող է իրեն գտնել պարերի մեջ։Արվեստը կարող է ինքնահաղթահարման լավ միջոց հանդիսանալ։ Եթե դու պասիվ ես՝ մարտահրավեր նետիր ինքդ քեզ և գնա պարերի, դա կօգնի քեզ հաղթահարել ներքին լարվածությունը, որը առաջանում է նոր և մարդաշատ միջավայրում։ Եթե դու ակտիվ և աշխույժ մարդ ես և քեզ դժվար է հանգիստ նստել՝ գնա խեցեգործության կամ կավագործության։ Դա կօգնի քեզ զսպել պոռթկումները, քանի որ կավը քո ձեռքի տակ շատ ճկուն է։
Արվեստում շատ բաներ որոշվում են անձնական փորձառությամբ, և եթե դու չունես արտահայտիչ տաղանդ այս կամ այն արվեստի ճյուղում, մի հուսահատվիր, փորձիր ուժերդ մեկ այլ ճյուղում։ Իր բազմազանության մեջ՝ արվեստը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին գտնելու իրենց համար ինքնարտահայտման միջոց։