Ողջույն,
Ինչպես հիշում ես, խոստացել էինք պատմել տարբեր լեզվի դպրոցների մասին ու, բնականաբար, խոստումը պահում ենք։ Այս անգամ որոշեցինք ICLT գնալ ու տեսնել՝ ինչպես են այնտեղ անցնում օտար լեզվի դասերը։
Ինչ կարելի է տեսնել, երբ մտնում ես այս լեզվի դպրոց. իհարկե, առաջին հերթին ուշադրություն է գրավում պատի գեղեցիկ իլլուստրացիան։ Չեմ պատմի այն ինչպիսին է, երևի ինքներդ կտեսնեք։
Դպրոց գնացինք ուրբաթ, գրեթե երեկոյան, դպրոցում ե՛վ երեխաներ կային, ե՛վ մեծեր, ու ամենահաճելին ամենուրեք անգլերեն լսելն էր։ Անգամ շատ փոքր երեխաները այնպես էին խոսում, որ մենք փորձեցինք հիշել կարողանում էինք արդյո՞ք այդպես խոսել, երբ նրանց տարիքին էինք, թե՞՝ ոչ։
Այս անգամ դասերը խանգարել չստացվեց, բայց ուսանողներին դասից կտրելն ու հարցեր տալը մեր առաքելությունն էր, ուստի մենք կատարեցինք այն պատվով։
Այդ ինչեր մեզ պատմեցին մեծից փոքր
Միքայելին այս դպրոցը խորհուրդ է տվել դպրոցի ուսանողներից մեկը։ Նրան անգլերեն սովորելը անհրաժեշտ է աշխատանքի մեջ շփման համար, ու Միքայելը գոհ է, որ լսելու ու խոսելու ունակությունների վրա այստեղ շատ է շեշտ դրվում։ Նա կարծում է, որ ավելի արդյունավետ է խմբային դասընթացների հաճախելը, ու հատկապես կարևոր է, որ նույն խմբում սովորում են տարբեր տարիքային խմբի ուսանողներ, ինչն էլ դասերն ու քննարկումները ավելի հետաքրքիր է դարձնում։
Ուսանողներից Սաբինան ու Անուշը սկսնակ մակարդակի դասերի են հաճախում։ Նրանք էլ մեզ պատմեցին, որ իրենց ամենաշատը դուր է գալիս այն, որ դասերի ժամանակ հայերենով խոսել չի կարելի, անգամ երբ նոր բառեր են սովորում, դրանք պետք է սովորել ու բացատրել անգլերենով։ Սկզբնական շրջանում թվում է, թե դա շատ բարդություններ կառաջացնի ուսումնական պրոցեսում, բայց իրականում սա շատ արդյունավետ մեթոդ է։ «Մենք սովորում ենք բաներ, որ չենք էլ նկատում, թե ինչպես եղավ, որ սովորեցինք»։ Նրանք նաև չմոռացան նշել, որ արդեն հասցրել են ընկերներ դառնալ, ու դա նրանց ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է։
Ամենահաճելին, իհարկե, փոքրիկների հետ մեր զրույցն էր։ Աղջիկներից մեկը որոշել էր բլոգեր դառնալ ու եթե այդ պահին պատրաստ լիներ, մենք հաստատ կդառնայինք նրա բլոգի հերոսներից։ Մերին արդեն երկու տարի է, ինչ այստեղ անգլերեն է սովորում և հիանալի էր տիրապետում լեզվին, չէր էլ թաքցնում իր գիտելիքները, երբեմն հայերեն խոսքում անգլերեն էլ էր օգտագործում։ Ասաց, որ ուզում է Քեմբրիջում սովորել։ Համազասպն ու Սերլին էլ էին նրա խմբից, ու որոշել էին ապագայում ծրագրավորմամբ ու բժշկությամբ զբաղվել։ Հետաքրքիր էր լսել, թե ինչպես են նրանք պատմում դասերի ու ուսուցիչների մասին։ Նրանցից մեկին դուր էին գալիս խոսակցական հմտությունները զարգացնող առաջադրանքները, մյուսները նախընտրում էին քերականությունը։ Դե կարծում եմ՝ ինքներդ էլ կգուշակեք՝ ով էր նախընտրում շատախոսել անգլերենով։
Դե մի քիչ էլ ուսուցիչներին լսենք
Ուսուցիչներին ես տվեցի իմ ամենասիրելի հարցը՝ նկարագրել դպրոցը ու այնտեղ աշխատանքը մոտ երեք բառով, ու երեք տարբեր ուսուցիչներ տարբեր կերպ նկարագրեցին այն՝ դինամիկ, արդյունավետ, հավեսով, ընկերական, ուսանողակենտրոն, ինտերակտիվ և այլն։ Նրանք ամենաշատը կարևորում են այս լեզվի կենտրոնի ուսանողակենտրոն աշխատելաոճը՝ ուսանողները այստեղ միշտ գլխավոր դերում են՝ «մենք բացառել ենք լեկցիաներ ունենալու մեթոդը և դասերը անցկացնում ենք ավելի ինտերակտիվ մեթոդներով՝ հաշվի առնելով հենց նրանց առաջարկներն ու ցանկությունները։ Նրանց ուսուցման պրոցեսում մենք ավելի շատ առաջնորդներ ենք, քան ուսուցիչներ»։ Նրանք շատ են կարևորում, երբ ուսանողը ինքն իր ցանկությամբ է գալիս օտար լեզու սովորելու, այլ ոչ թե որևէ մեկի դրդմամբ. այդ դեպքում ուսանողները ավելի մոտիվացված են լինում ու ավելի հաճույքով են մասնակցում դասերին, ինչն էլ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Պետք է նաև նշեմ, որ ուսուցիչներն այստեղ մինչ աշխատանքի անցնելը վերապատրաստվում են ու սովորում ուսուցման մեթոդը։
ICLT-ն մեզ իրոք դուր եկավ, բացի այն ամենից, ինչ արդեն պատմեցի, մենք չենք մոռանա նաև վառ ու գունավոր դասասենյակները, պատերին արված իլլուստրացիաներն ու թղթի համար նախատեսված աղբարկղերը։
Դե ինչ, տեսնենք՝ հաջորդ անգամ որտեղ կհայտնվենք
Քնարիկ, Սվետա՝ ICLT-ից։
Հ.գ. Չմոռանաս կարդալ մեր մյուս հոդվածները՝
ԳԵՐՄԱՆԱՑԻ ՍՈՖԻՆ, ՈՐ ԻՐ ԲԱԶՄՈՑԸ ԳՏԱՎ ԻՄ ՏԱՆԸ
Ինչպես անգլերենը կհարստացնի քեզ ու ինչու արժե վճարել այն սովորելու համար
Որքա՞ն ժամանակ է պահանջվում անգլերեն սովորելու համար