search
-
Մեկնարկ
Ավարտ

Գերմանացի Սոֆին, որ իր բազմոցը գտավ իմ տանը

Օգոստոսի վերջին Սոֆին եկավ Հայաստան։ Չգիտեի ինչ ակնկալիքներ ուներ, ինչ փորձ էր ուզում ձեռք բերել ու առհասարակ չգիտեի, թե ով էր նա։ Հետո հասկացա, որ ուզում էր ընկնել իրեն անծանոթ աշխարհ ու կիսվել իր փորձով, լավ հիշողություններ ստեղծել ու դրանցով վերադառնալ հետ՝ Գերմանիա։ Նա մնաց իմ տանը, նրա couch-ն էի ու անձնական խորհրդատու-գիդը։ Հետաքրքիր փորձառություն է couchsurfing-ը: Այն նրանց համար է, ովքեր սիրում են ճանապարհորդել, նոր մշակույթների ու մարդկանց հետ ծանոթանալ, շատ միջոցներ չունեն, բայց ունեն մեծ ցանկություն։

Սոֆին մի նոր աշխարհում

Couchsurfing-ը մեզ հնարավորություն է տալիս,  որ դառնանք հյուրընկալողի առօրյայի մի մասը։ Սոֆին մեր տանը մնաց մոտավորապես երեք շաբաթ։ Նախ նրա համար տարօրինակ, բայց և շատ հաճելի էր, երբ ես նրան ասացի, որ կդիմավորեմ օդանավակայանում ու կհասցնեմ տուն։ Մշակութային մեծ տարբերության են բախվում օտարերկրացիները, հատկապես, երբ ապրում են հենց հայկական ընտանիքում։ Ու նույնն էլ հայերի մոտ է՝ փաստորեն ունենում ենք երկկողմանի մշակութային շոկ, որը երկար շփում ու ժամանակ է պահանջում։ Հնարավոր չէ մեկ այլ, լրիվ ուրիշ մշակույթ ուղղակի վերցնել ու ընդունել՝ իր բոլոր կողմերով։ Օրինակ՝ ես ինքս էլ այդքան կողմ չեմ մյուսների փոխարեն հաշիվը փակելուն, բայց հատկապես երբ հյուրընկալում ես մեկին, ավտոմատ կերպով սկսում ես հնարավորինս լավ պայմաններ ստեղծել հյուրիդ համար, նրա փոխարեն վճարել տրանսպորտի ուղեվարձը, սրճարանում փակել հաշիվը, քո հաշվին գնումները անել, ինչը նրանց համար ավելին քան տարօրինակ է՝ միաժամանկ հաճելի, բայց և տհաճ։ Շատ հաճախ չեն կողմնորոշվում՝ ինչպես հայտնել շնորհակալությունը կամ փոխադարձ լավ վերաբերմունք ցուցաբերել։
Հաջորդ զվարճալի իրավիճակը այն էր, երբ առաջին օրը դասերից ու աշխատանքից հետո եկանք տուն ու տանը արդեն պատրաստ էր սեղանը՝ ամեն ինչ տեղում էր ընթրիքի համար ու նա մտածում էր, որ ինքը չի միանա մեզ։ Կամ առավոտյան, երբ նա արթնացավ նախաճաշի համար արդեն գցված սեղանը զարմացրեց նրան։ Ժամանակի հետ փորձեցինք գալ ընդհանուր հայտարարի ու միասին գցել սեղանը, ուտելիքը պատրաստել երկուսով, իսկ հաշիվները սկսեցինք հերթով փակել։

Շատ բան սովորեցինք մեկս մյուսից։ Ընկերացանք ու հիմա նա էլ իր հերթին սպասում է, թե ես երբ կկարողանամ գնալ Գերմանիա, որ վերջապես նորից տեսնվենք։ Այսպիսով՝ մեծ փորձառություն ես ձեռք բերում օտարերկրացիների հետ շփման մեջ, դառնում եք ընկերներ։ Այս ամենից բացի կարող ես նրա հետ ճանապարհորդել Հայաստանում ու բացահայտել այն վայրերը, որտեղ դեռ երբեք չես եղել՝ լինելով այդքան մոտ, ապրելով հարակից վայրում։ Միասին բացահայտում եք երկրի բնակիչներին, գյուղական կյանքը, գիշերում եք անծանոթ մարդկանց տանը ու ծանոթանում նոր պատմությունների ու նոր կյանքերի։

Մի բան շատ կարևոր է ու կուզեմ, որ հաշվի առնես։ Ապրելով ուրիշ մարդու տանը՝ պետք է քեզ հնարավորինս ազատ, բայց և չափավոր պահես։ Շատ լավ կլինի, որ հաշվի նստես տանը արդեն առկա «օրենքների» ու նրա՝ որպես անձ, պահանջ/խնդրանքների հետ։ Շատ ընտանիքներ իրենց հյուրերին խնդրում են, որ տանից իրենց հետ դուրս գան, ինչը, ես չեմ կարող ընդունել։ Հյուրին բանալի չեն տալիս։ Եթե շատ կասկածամիտ ես, կամ չես վստահում անծանոթներին, ապա ավելի լավ է հյուր չընդունես։ Միայն երկկողմանի փոխըմբռնման ու հանդուրժողականության պարագայում ես կարողանալու ապրել մեկի հետ նույն տան մեջ՝ լինի դա անծանոթ հյուր, թե ընտանիքի անդամ։

Շատերն ասում են, որ couchsurfing-ը անապահով է ճանապարհորդելու համար՝ կարող են գողանալ գումարդ, տեխնիկադ կամ ֆիզիկական վնաս հասցնել։ Այդպիսի դեպքեր կարող են լինել ցանկացած ճանապարհորդության ժամանակ, սկզբում կամ վերջում։ Միշտ պետք է լինել զգոն ու չկորցնել ուշիմությունը։ Couchsurfing-ը եզակի հնարավորություն է տալիս անընդհատ հաղորդակցվելու այն լեզվով, որը ուսումնասիրում ես, կամ ուզում ես սովորել։ Տանը, խանութում ու նոր ծանոթների հետ խոսելիս կարող ես կիրառել գիտելիքներդ ու մեծացնել բառապաշարդ։ Շատերը նույնիսկ պատրաստ են օրվա մեջ ինչ-որ ժամանակ տրամադրել քեզ նոր բաներ սովորեցնելու ու օգնելու համար։ Իսկ եթե հենց դու ես հյուրընկալողը, ապա քեզ համար քո ճանապարհորդող հյուրը կլինի հաղորդակցման թիրախը, եթե գիտի այն լեզուն, որ երկար ժամանակ չես կիրառել, կամ եթե կուզենայիր լեզուդ միշտ ակտիվ պահել։ Նա էլ քեզ իր մշակույթի հետ կծանոթացնի։ Եթե երկար ժամանակով է եկել, կարելի է նույնիսկ լեզվի ակումբ բացել ու բոլոր հետաքրքրվածներին հրավիրել, հանդիպումներ կազմակերպել ու բավականին լավ ժամանակ անցկացնել՝ օգնելով նաև մյուսներին։ Իսկ քո հյուրն էլ հնարավորություն կստանա ծանոթանալու տեղի մարդկանց հետ, ի վերջո, ապրում է մի վայրում, որտեղ մարդիկ իրենից տարբերվում են  լեզվով, մտածելակերպով ու ապրելակերպով։

 

Կարդա նաև այս հոդվածները՝
4 պատճառ գերմաներեն սովորելու համար
Ինչպե՞ս սկսել գերմաներեն սովորել
Որքա՞ն արժե օտար լեզու սովորելը

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close