search
-
Մեկնարկ
Ավարտ

7 պատճառ ֆրանսերեն սովորելու համար

Սեր, նորաձևություն, Էյֆելյան աշտարակ, Էդիթ Պիաֆ կամ Զազ… Ֆրանսիա ասելիս դու ի՞նչ ես պատկերացնում։ Ֆրանսիան ամենագեղեցիկ եվրոպական երկրներից մեկն է, ու ֆրանսերենն էլ ամենագեղեցիկ լեզուներից մեկը։ Բայց միայն գեղեցկության համար չէ, որ արժե ֆրանսերեն սովորել։ Այսօր կպատմեմ, թե, ըստ իս, որոնք են ֆրանսերեն սովորելու ամենակարևոր պատճառները։

Իսկ դու չմոռանաս միանալ ֆեյսբուքում մեր ֆրանսերենի խմբին՝ French_Learners_Club

Բոլորս էլ գիտենք, որ ռուսերենին ու անգլերենին տիրապետելը նվազագույն պահանջ է աշխատանքի ընդունվելու համար։ Պատկերացրու, թե որքան կմեծանան աշխատանքի ընդունվելու շանսերդ, եթե CV-ում անգլերենի ու ռուսերենի կողքին նաև ֆրանսերենը հայտնվի։ Ֆրանսերենին լավ տիրապետելու դեպքում` կարող ես աշխատանք գտնել Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Alliance Française d’Arménie կազմակերպությունում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում և մի շարք միջազգային  կազմակերպություններում, չէ որ ֆրանսերենը Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՆԱՏՕ-ի, Միջազգային օլիմպիական կոմիտեի, Միջազգային Կարմիր խաչի եւ միջազգային դատարանների պաշտոնական լեզուն է:

Միշտ ուզե՞լ ես Սորբոնի համալսարան ընդունվել։ Ֆրանսերենին տիրապետելու դեպքում Սորբոնից բացի, մի շարք այլ համալսարանների դռներ էլ կբացվեն քո առաջ։ Կանադա, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Շվեյցարիա՝ ուղղակի ընտրիր, թե որտեղ ես ուզում կրթություն ստանալ։ Ֆրանսերենը պաշտոնական լեզու է համարվում վերոնշյալ բոլոր երկրներում, ուստի ֆրանսերենին տիրապետելու դեպքում՝ կարող ես կրթություն ստանալ այս երկրներից որևէ մեկի ԲՈՒՀ-երից մեկում։ Արտասահմանցի ուսանողների թվով Ֆրանսիան երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Դե իսկ կրթության բարձր որակի մասին խոսել չարժե անգամ։

Թատրոն, կինո, կերպարվեստ, ճարտարապետություն՝ արվեստի այս բոլոր ճյուղերում Ֆրանսիան առաջատար երկրներից է։ Ֆրանսիական մշակույթը այնքան հարուստ է համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններով՝ Կլոդ Մոնեի ու Վան Գոգի կտավները, Էդիթ Պիաֆի, Ազնավուրի երաժշտությունը, որ միայն դրանք խորապես ճանաչելու համար հաստատ արժե ուսումնասիրել այս լեզուն։ Եթե միշտ երազել ես այցելել Լուվրի թանգարան կամ Փարիզի Աստվածամոր տաճար, տեսնել Հաղթական կամարը, ապա երազանքին հասնելու առաջին քայլդ կարող է հենց ֆրանսերեն սովորելը լինել։

Առավոտյան նախաճաշ ֆրանսիական փոքրիկ սրճարաններում կամ երեկոյան զբոսանք դեպի էյֆելյան աշտարակ։ Ինչպիսին էլ, որ պատկերացնում ես քո ճանապարհորդությունը դեպի Ֆրանսիա, ասեմ, որ քեզ հաստատ պետք կլինի գոնե մի փոքր սովորել ֆրանսերեն փողոցներում չմոլորվելու կամ սրճարանի ճաշացանկը հասկանալու համար։

Բոլորը հիանո՞ւմ են քո ոճով, իսկ դու կարծո՞ւմ ես, որ կարող էիր Շանելի իսկական հետնորդը լինել։ Ուրեմն Ֆրանսիան իսկը քո տեղն է։ Փարիզի նորաձևության շաբաթները ու ֆրանսիական նորաձևության տները քեզ են սպասում։ Մի հապաղիր սովորել ամենաթավշե բառերի լեզուն, որպեսզի ճանապարհը դեպի նորաձևության երկիր ավելի հեշտ դառնա։

Ֆրանսիական գրականության մասին պարզապես չէի կարող չխոսել։ Գրականության սիրահարները իհարկե գիտեն բնագրով կարդալու արժեքն ու հաճույքը։ Դե իսկ ֆրանսիական գրականությունը հարուստ է այնպիսի հեղինակներով, ինչպիսիք են Քամյուն, Սարտրը, Բալզակը, Դյուման, Զոլան, որ նրանց բնագրով կարդալը իսկական մարտահրավեր ու պատիվ կլիներ յուրաքանչյուր ընթերցասերի համար։

Ֆրանսիական կինոկատակերգությունները երևի ամենայուրօրինակն են իրենց ոճով։ Ֆրանսիական կինեմատոգրաֆիայի ամենահայտնի ու քո ամենասիրելի ֆիլմերը՝ «Ամելին», «Խաղալիքը», «Կյանքը հիասքանչ է», ֆրանսերենով դիտելը կարող է ֆրանսերեն սովորելու լավագույն պատճառներից մեկը լինել։

Դե ինչ, ես կշարունակեմ պատմել ֆրանսերեն սովորելու մասին, բայց մինչ այդ կարող ես կարդալ հետևյալ հոդվածները՝

ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼԸ
ԻՆՉՈ՞Ւ ՍՈՎՈՐԵԼ ԻՍՊԱՆԵՐԵՆ
Ինչպե՞ս սկսել գերմաներեն սովորել
Որքա՞ն ժամանակ է պահանջվում անգլերեն սովորելու համար

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close