Բոլորս էլ ունենում ենք ինչ-որ պատճառ, երբ սկսում ենք օտար լեզու սովորել։ Գերմաներեն սովորելու պատճառները արդեն նշել եմ նախորդ հոդվածներիցս մեկում։ Այդ ամենը իհարկե շատ կարևոր է, բայց այն, թե ինչպես հասնել լեզվի տիրապետման բարձր մակարդակի, արդեն պահանջում է լուրջ մոտեցում։ Ի սկզբանե ասեմ՝ գերմաներենը այն լեզուներից չէ, որ կարողանաս ինքնուրույն սովորել, ինքնուրույն կողմնորոշվել, թե որ հատվածն է քեզ ավելի պետք, բառերը ճիշտ համատեքստում կիրառել և նման շատ հարցեր։ Չափից շատ ինքնավստահ պետք է լինես, որ ռիսկի դիմես ու սկսես ինքնուրույն գերմաներեն սովորել։ Արի մի քիչ խոսենք այն մեթոդների մասին, որոնք քեզ հաստատ կօգնեն լեզու սովորելիս։
Հաճախի՛ր գերմաներենի դասընթացների
Ինքս էլ ժամանակին ինքնուրույն եմ սկսել գերմաներեն սովորել ու հետո երկար ժամանակ տանջվել եմ իմ սխալները ուղղելու վրա, երբ արդեն սկսեցի անհատական պարապել։ Շատ կառույցներ սխալ էի մտապահել, միշտ չէ, որ բառերի առաջնային իմաստներն էի գտել ու սովորել։ Մենակ սովորելու պատճառով արտասանության հետ խնդիրներ ունեի, քերականությունը ընդհանրապես լավ չէի ընկալում ու իմ պատկերացումներն էի ստեղծում այս կամ այն կանոնի մասին։ Երկար ջանքեր ու ժամանակ է պահանջվել ինձանից, որ կարողանամ այդ ամենը շտկել։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, որ չկրկնես սխալներս ու խնայես ռեսուրսներդ։ Գտի՛ր համապատասխան լեզվի դասընթաց ու սկսի՛ր հաճախել, բայց անպայման նախապես լավ հետաքրքրվելուց հետո, իմանալու համար, թե որ լեզվի դպրոցի դասավանդման մեթոդներն են քեզ համապատասխանում, որ դպրոցի վայրն է քեզ ավելի հարմար, ինչպես նաև պետք է հստակ կողմնորոշվես խմբային, թե անհատական դասերն են քեզ ավելի համապատասխան։ Ցանկացած մանրուք, նույնիսկ դասասենյակի գույնը կարող է նպաստել քո սովորելուն ու մոտիվացված լինելուն։ Եթե արդեն որոշել ես գնալ դասընթացների, բայց դեռ հստակ չես կողմնորոշվել՝ միացիր իմ ֆեյսբուքի խմբին` #Tutor_German_Glub գրիր ինձ ու ես քեզ կօգնեմ այդ հարցում։
Լեզվակիրը՝ պոտենցիալ «զոհ»
Շատ կարևոր է նաև լեզվակիրների հետ շփումը։ Յուրաքանչյուրը, ով գալիս է ինչ-որ գերմանախոս երկրից արդեն քո պոտենցիալ «զոհն» է։ Պետք չէ ամաչել սխալներից, բոլորն էլ գիտակցում են, որ միայն փորձի արդյունքում է ձևավորվում մաքուր խոսակցական ու ոչ թե այսպես կոչված «ջարդված» գերմաներենը։ Իրականում երեխաները այդքան հեշտ են սովորում լեզուները, քանի որ սովորելիս չեն ամաչում սխալներով խոսելուց, չեն ամաչում, երբ նրանց չեն հասկանում ու նորից կրկնում են բառը կամ նախադասությունը։ Ամոթ չէ չիմանալը, ամոթ է շարունակել նույն սխալը անել ու չհարցնել իմանալու համար ճիշտ տարբերակը։
Երեք անփոխարինելի ...
Լսելը, կարդալը ու ինչպես արդեն նշել եմ խոսելը անփոխարինելի են։ Եթե օրական նույնիսկ մի ժամ տրամադրես այս երեքը անելու համար, մի ամիս հետո արդեն լեզվական գիտելիքներիդ մեջ տեսանելի փոփոխություններ կնկատես։ Շատ երգեր լսիր։ Գերմանախոս երիտասարդները ստեղծում են հետաքրքիր գերմանական մշակույթ իրենց ժամանակակից սլենգով ու սիրուն երգերով։ Միշտ չէ, որ երգի բառերը քերականորեն ճիշտ են օգտագործվում կամ ունենում են նույն իմաստը, ինչ բառարանում։ Բայց երգի մեջ դրանք այն իմաստով են կիրառվում, ինչպես առօրյա կյանքում։ Նայիր ֆիլմեր կամ տեսահոլովակներ տարբեր թեմաներով։ Իսկ եթե ուզում ես շատ երգերի ու ֆիլմերի ռեսուրսներ ունենալ, դրանք կրկին կարող ես մեր խմբում գտնել։ Սկսիր հեշտ գրքերից, օրինակ՝ Գրիմ Եղբայրների հեքիաթներից, որոնց բովանդակությունը, ենթադրում եմ՝ հիմնականում քեզ ծանոթ կլինի։
Դու՝ գերմանախոս հասարակության մի մաս
Հաճախ մասնակցիր տարբեր գերմանական միջոցառումների ու սեմինարների։ Ամեն շաբաթ կազմակերպվում է ամենաքիչը երկու հետաքրքիր միջոցառում։ Միայն դրանց մասնակցելով՝ արդեն ձեռք կբերես շատ ընկերներ գերմանախոս հասարակությունից, որոնք քեզ կմոտիվացնեն լեզուն ավելի լավ սովորելու ու տարբեր ծրագրերի մասնակցելու համար։ Դրանից բացի, ինչքան շատ լսես այդ լեզուն, այդքան ավելի շատ լեզվական կառույցներ կմնան ենթագիտակցությանդ մեջ։ Նույնիսկ, եթե չես հասկանում, ինչ են խոսում՝ կգա մի պահ, որ կօգտագործես այնպիսի արտահայտություններ, որոնք չես սովորել, այլ ուղղակի լսել կամ կարդացել ես։
Այնտեղ, ուր բոլորը գերմաներեն գիտեն
Ճանապարհորդի՛ր այն երկրներում, որտեղ խոսում են գերմաներեն՝ կլինի դա Գերմանիան, Շվեյցարիան, թե Ավստրիան՝ կարևոր չէ։ Ծանոթացիր մշակույթին, մարդկանց հետ։ Հենց հասկանաս լեզվակիրների և լեզվի կապը, կհասկանաս նաև լեզուն սովորելու տրամաբանությունը։ Տարբեր քաղաքներ այցելիր, փորձիր couch surfing-ով մնալ տարբեր ընտանիքներում, ինտեգրվել նրանց առօրյային, ընդունել սովորույթներն ու դառնալ այդ մշակույթի մի մասը՝ չմոռանալով քոնը։
ԳեՌմանախոս-հեՌախոս
Վերջին կետս, թերևս ամենահեշտ իրականանալին է։ Փոխի՛ր հեռախոսիդ ու սոցիալական ցանցերում հաշիվներիդ օգտագործման լեզուն։ Անընդհատ գերմաներեն կարդալով՝ կֆիքսես հատուկ բառեր, որոնք նախկինում դժվար թե կարողանայիր հիշել կամ կիրառել։ Մեզ ծանոթ էջերի կառուցվածքն արդեն մեր ուղեղների մեջ է և լեզուն փոխելով՝ մենք նշաններն ենք փոխում, իսկ իմաստը չի փոխվում, ուղեղը այդ ինֆորմացիան ավելի արագ ու հեշտ է ընկալում։ Սեփական փորձից էլ կարող եմ ասել, որ և գերմաներենի, և անգլերենի դեպքում բավականին արդյունավետ մեթոդ է։ Փորձիր ու կիսվիր կարծիքովդ։
Հետևի՛ր իմ խորհուրդներին ու ժամանակի ընթացքում ինքդ էլ կնկատես, որ թվարկածս մեթոդները միայն նպաստում են լեզուն ավելի արագ ընկալելուն։ Մի՛ սահմանափակվիր այս կետերով ու ինքդ էլ քո մեթոդը մշակի՛ր, եղի՛ր ազատ նոր գաղափարներդ զարգացնելու մեջ ու քեզ մոտ ամեն ինչ կստացվի։