Գուցե դու հիանալի բժիշկ ես և ամեն օր մի քանի մարդու կյանք ես փրկում։ Գուցե դեռևս բժիշկ դառնալու ճանապարհին ես կամ պատրաստվում ես բռնել այդ ուղին։ Ու եթե արդեն փորձառու մասնագետ ես կամ գիտես, թե ինչ է պետք անել այդպիսին դառնալու համար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ սովորել մասնագիտական անգլերեն։
Բժշկական անգլերենի իմացությունը պարտադիր է ոլորտի մասնագետների համար մի պարզ պատճառով՝ բժշկությունը և առհասարակ բնական գիտությունները զարգանում են օրեցօր։ Ամեն օր հիվանդությունների նոր բուժումներ են հայտնաբերվում, նոր գյուտեր են իրականացվում, կամ նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում, որոնք կիրառելի են բժշկության մեջ։
Եվ այս ոլորտի բոլոր նորամուծություններին ծանոթ լինելու ու ոչ միայն ունեցածդ դիրքը չկորցնելու, այլև ավելի առաջատար դիրքեր զբաղեցնելու համար անգլերենի իմացությունը պարտադիր է։ Ինչպես բոլոր ամենակիրառելի բնագավառներում՝ բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն, գիտության մեջ ևս ողջ տեղեկատվությունը անգլերենով է։
Բժշկական անգլերենի իմացությունը պարտադիր է ներկա ու ապագա բժիշկների համար և այն կարիերայում հաջողություններ գրանցելու շատ հնարավորություններ է տալիս։
Հակիրճ թվեմ այդ հնարավորությունները.
- Մասնակցել գիտական համաժողովների, ինչպես օրինակ հոկտեմբերի 1-2-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպվող «Նյարդաբանության և նյարդաբջիջների խանգարումների» մասին կոնֆերանսն է։
- Աշխատել կամ վերապատրաստվել աշխարհի լավագույն կլինիկաներում, որոնցից է Միզուրիի համալսարանական հիվանդանոցը։
- Համագործակցել օտարերկրյա մասնագետների հետ։
- Ծանոթանալ բժշկական միջավայրի համաշխարհային նորություններին ու նորամուծություններին կամ տպագրվել ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում, ինչպես օրինակ՝ “New England Journal of Medicine”-ը կամ “Nature”-ն են։
- Շարունակել ակադեմիական կրթությունը և հետազոտությունները արտասահմանյան համալսարաններում։ Օրինակ՝ արդեն շրջանավարտ բժիշկները մինչև նոյեմբերի 12-ը կարող են դիմել Ճապոնիայում գտնվող բժշկական գիտությունների հետազոտական ծրագրերի միջազգային կենտրոն և դրամաշնորհ ստանալ կենսաբժշկության մեջ հետազոտություններ կատարելու համար։
Առաջին հայացքից թվում է, թե միայն բժիշկները բժշկական անգլերեն սովորելու կարիք ունեն։
Իսկ կա արդյո՞ք երկրորդ հայացք այս հարցում։ Եկեք պարզենք միասին։
Ինչո՞ւ սովորել բժշկական անգլերեն, եթե մենք այնուամենայնիվ բժիշկներ չենք
Ձեզ մի պատմություն պատմեմ։ Ընկերներիցս մեկը այնքան է դիտել “Grey’s Anatomy” նովելի տարբեր մասերը, որ հիանալի տիրապետում է բժշկական որոշ տերմինների ու համալսարանում տրված թարգմանության առաջադրանքից ամենաբարձր միավորն էր ստացել։ Բժշկական անգլերենի իմացությունը ավելի բարելավելու շնորհիվ նա այսօր առցանց թարգմանություններ է կատարում տարբեր բժշկական հաստատությունների համար։
Լեզվի ուսումնասիրությունը չի կարող սահմանափակվել ընդհանուր գիտելիքների ձեռք բերմամբ։ Կախված մասնագիտությունից կամ աշխատանքից ու այլ հանգամանքներից՝ կարիք կա խորացնել նաև լեզվական գիտելիքները որևէ հստակ ուղղությամբ։
Ուստի բժշկական անգլերենին տիրապետելը հնարավորություն կընձեռնի
Կատարել թանկարժեք թարգմանություններ
Մասնագիտական թարգմանությունները միշտ կրկնակի կամ եռակի գուցե նաև ավելի թանկ արժեն քան ընդհանուր լեզվական թարգմանությունները։ Այնպես որ, եթե արդեն զբաղվում ես թարգմանություններով, բժշկական անգլերենն այն հատուկ ուղղություններից է, որտեղ կարող ես ավելի մասնագիտանալ ու ավելի շատ գումար ձեռք բերել։ Բացի այդ, կարող ես բանավոր թարգմանություններ կատարել տարբեր կոնֆերանսների ու դասընթացների ժամանակ, իսկ դա հավատա «անգնահատելի» աշխատանք է։
Աշխատել առողջապահական կազմակերպություններում
Հիշո՞ւմ ես երկրորդ հայացքի գոյության մասին հարցս։ Այո, այո, այն գոյություն ունի։ Բժշկական միջավայրն այնքան բազմազան է, որ այն ավելի մեծ թվով այլ մասնագետների կարող է ներառել, քան բուն բժիշկներն են։ Տիրապետելով բժշկական անգլերենին՝ հնարավորություն կունենաս աշխատելու այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին օրինակ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն է։
Ի վերջո բոլորս չէ, որ բժիշկներ ենք, բայց ցավոք բոլորս երբեմն հիվանդանում ենք ու գուցե բժշկական անգլերենի դասընթացից սովորած գիտելիքը օգնի ավելի հստակ տեղեկատվություն ստանալ ինքներս մեր մասին։
Քեզ լավ նայիր ու չմոռանաս կարդալ …