search
-
Մեկնարկ
Ավարտ

3 պատճառ Լոնդոնի համալսարանական քոլեջ ընդունվելու համար

Օրեցօր աշխատաշուկայում ավելի են խստանում մասնագետների առաջ դրվող պահանջները, և լավ աշխատանք գտնելը շատ ավելի է դժվարանում։ Սա է հիմնական դրդապատճառը, որ որակյալ կրթություն ստանալը առաջնահերթ պահանջմունք է։ Այսօր կպատմեմ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում` Լոնդոնի համալսարանական քոլեջում* (University College London-UCL) սովորելու մի քանի առավելությունների մասին։

Ըստ Շանհայի Ջիայո Յոնգ համալսարանի աշխարհահռչակ համալսարանների հետազոտության կենտրոնի հրապարակած տվյալների՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը աշխարհի լավագույն համալսարաններից 16-րդն է։ Այս համալսարանի կարևոր առանձնահատկություններից մեկը ֆակուլտետների բազմազանությունն է։ Ինժեներիայից ու իրավագիտությունից մինչև արվեստներ ու սոցիոլոգիա. ամեն ինչ կարելի է սովորել ասյտեղ։ Համալսարանի կայքում կարելի է գտնել, թե ուսանողները, ինչ մեկնաբանություններ են թողնում ակադեմիական մթնոլորտի վերաբերյալ։ Այստեղ դասավանդում են աշխարհի լավագույն պրոֆեսորները։

Բավական է ասել միայն, որ 29 նոբելյան մրցանակակիրներ այս համալսարանի շրջանավարտներ են։ Այդ թվում պրոֆեսոր Վիլիամ Րամզին, որը 1904-ին ստացավ մրցանակը քիմիայի ոլորտում ունեցած իր ավանդի համար. Նա բացահայտել էր հելիումը, արգոնը, կրիպտոնն ու նեոնը։ Իսկ UCL-ի վերջին Նոբելյան մրցանակակիրը պարգևատրվել է 2014-ին. Պրոֆեսոր Ջոն Օ’Քիֆը բացահայտել է ուղեղի ներքին GPS-ը՝ այն բջիջները, որոնք պատասխանատու են տեղակայման համակարգի աշխատանքի համար։

Այստեղ աշխատում ու սովորում են մասնագետներ ու ուսանողներ 155 տարբեր երկրներից։ Ու գուցե հենց դու ես հաջորդ մրցանակակիրը։

Համալսարանը հենց մայրաքաղաք Լոնդոնում է։ Իսկ դա նշանակում է ունենալ աշխարհի լավագույն ընկերություններում աշխատանքի անցնելու հնարավորություն։ The Sunday Times պարբերականը այս տարվա փետրվարին հրապարակեց աշխարհի 100 լավագույն ընկերությունների ցանկը, որտեղ երկրորդ տեղը զբաղեցնող MVF մարկետինգային ընկերությունը, երրորդ տեղը զբաղեցնող Innocent խմիչքի արտադրման ընկերությունը և մի շարք այլ ընկերություններ հենց Լոնդոնում են։ Սովորելով Լոնդոնի լավագույն համալսարաններից մեկում դու ևս հնարավորություն կունենաս դառնալու լավագույնի մի մասնիկը։

Երբ UCL-ի մասին զրուցում էի համալսարանի հայ շրջանավարտ, գրող Անրի Գրիգորյանի հետ, նա ասաց, որ Լոնդոնը իր թաքուն զվարճությունների քաղաքն է։ Ապրել Լոնդոնում նշանակում է վայելել արքայական քաղաքում ապրելու ու աշխարհիկ զվարճությունների համակցությունը՝ լոնդոնյան մեղմ անձևները ու թեյը, զբոսնել Թեմզայի ափին, Hyde park-ում կամ երկհարկանի ավտոբուսներով, այցելել Հարրի Փոթերի ստուդիա կամ Վինդզորյան ամրոց ու Վեստմինստերյան աբբայություն։

UCL-ը ավելի քան 200 ուսանողական համայնք ունի և կախված նրանից, թե որ բաժնում կսովորես, կարող ես դառնալ դրանցից մեկի կամ մի քանիսի անդամը։ Սա նշանակում է ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից,  միասին հավաքներ, միջոցառումներ, զվարճանք, իհարկե նաև միասին աշխատանք ու մեծ նվաճումներ։

Համալսարանը շարունակաբար միջոցառումներ է կազմակերպում ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար։ Օրինակ՝ սեպտեմբերի 15-ին տեղի է ունենալու UCL-ի փառատոնը,որի մասնակիցները կարող են ուսումնասիրել համալսարանը նաև քննարկումների ու բանավեճերի մասնակցել համալսարանի տարբեր ֆակուլտետների լավագույն պրոֆեսորների հետ։

Լոնդոնում համալսարան ընդունվելու առավելությունների կողքին, պետք է հաղթահարել նաև օտար երկրում ապրելու և սովորելու բոլոր դժվարությունները։ Իսկ դա անելու ամենապարզ միջոցը լեզվին ու մշակույթին ծանոթ լինելն է։ Սովորիր այն ֆիլմեր դիտելով, գրքեր կարդալով, հավելվածներով, գտիր լեզվի դպրոց ու հաճախիր խմբակային դասերի։ Պարզապես արա առաջին կարևոր քայլը ու հաջորդները ավելի հեշտ կլինեն։

UCL ընդունվելու միտքը գրավիչ է ու նաև շատ իրատեսական։ Մոտ 64 հայ ուսանողներ արդեն ավարտել են համալսարանը։ Ես գտա նրանցից Հայաստանում թերևս ամենահայտնի մեկին՝  Անրի Գրիգորյանին ու խնդրեցի պատմել իր փորձառությունից, նաև առանձնացրի այն պահանջները, որ համալսարանը ներկայացնում է հայ դիմորդների համար։

*քոլեջ բառը բացատրվում է որպես միջնակարգ բարձրագույն հաստատություն, սակայն Անգլիայի համալսարանական քոլեջը վարկանիշով ավելի բարձր է և պահպանել է այս բառը միայն որպես անվան մի մաս։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close