search
-
Start Date
End Date

5 պատճառ ծրագրավորում սովորելու համար

Մասնագիտության ընտրությունը ցանկացած մարդու կյանքի կարևորագույն որոշումներից է։ Չէ՞ որ մենք մեր կյանքում բավականին շատ ժամանակ ենք անցկացնում աշխատելիս։ Ուստի մասնագիտության ճիշտ ընտրությունը կարող է հետաքրքիր ու արդյունավետ դարձնել մեր առօրյան։ Մեր օրերում ծրագրավորումը հանդիսանում է ամենագրավիչ մասնագիտություններից մեկը, որն իրավամբ ունի մի շարք առավելություններ այլ ոլորտների համեմատ։ Ահա մի քանի պատճառ, թե ինչու արժե ծրագրավորում սովորել։

Մասնագիտություն ձեռք բերելու արագությունը

Ծրագրավորող դառնալու համար կարիք չկա երկար տարիներ սովորել համալսարանում, պատրաստվել անվերջ թվացող քննությունների։ Թե ինչքան ժամանակ կպահանջվի ծրագրավորման աշխարհում առաջին քայլերը կատարելու համար, կախված է քեզնից, այնուամենայնիվ մի քանի ամիսը կբավականացնի գոնե մեկ լեզու սովորելու և դրանում հմտանալու համար։ Իհարկե, որոշ գործատուներ ցանկանում են բարձրագույն կրթությամբ մասնագետների, սակայն քո հմտությունները ամբողջությամբ ցուցադրելու դեպքում կստանաս այն աշխատանքը, որն այդքան ուզում ես։   

Մեծ պահանջարկ աշխատաշուկայում

Տարբեր մասնագիտություն ընտրած շատ երիտասարդներ համալսարանը ավարտելուց հետո բախվում են խնդրի, երբ աշխատաշուկայում պարզապես չկա տվյալ մասնագիտության պահանջարկը։ Արդյունքում նրանք ստիպված են լինում կամ զբաղվել մեկ այլ բանով, կամ էլ աշխատանքի ընդունվելով իրենց ոլորտում՝ մեծ կախման մեջ են լինում իրենց գործատուներից։ Չէ՞ որ աշխատանքը կորցնելու դեպքում՝  նոր աշխատանք գտնելը բավականին բարդ կլինի։ Մինչդեռ թվային տեխնոլոգիաների աճի հետ մեկտեղ անընդհատ աճում է ծրագրավորողների պահանջարկը։ Այս դեպքում ծրագրավորողը կարող է ինքը թելադրել «խաղի կանոնները» գործատուին, իսկ անհրաժեշտության դեպքում մեկ աշխատանքը մյուսով փոխարինելը կամ կարիերայում առաջընթաց գրանցելը իրենից որևէ խնդիր չի ներկայացնի։

Աշխատիր որտեղից ուզում ես

Ծրագրավորողները սովորաբար ստիպված չեն լինում ամբողջ օրը անցկացնել ձանձրալի աշխատավայրում, շփվել նյարդայնացնող աշխատակիցների ու ղեկավարների հետ։ Նրանք պարզապես վերցնում են իրենց առաջադրանքները և սահմանված ժամկետում կատարում այն։ Կարևոր է աշխատանքը կատարել պատշաճ որակով, իսկ թե ինչպես և որտեղ այն կանե, որոշում ես ինքդ։

Բարձր աշխատավարձ

Աշխատավարձը, իհարկե, աշխատանքի կարևորագույն ու ամենահաճելի մասն է։ Ծրագրավորող դառնալու և ոլորտում որոշակի մասնագիտական աճ գրանցելու դեպքում՝ բավականին բարձր աշխատավարձ կստանաս։ Ընդ որումկարիերայում նորանոր բարձրունքներ գրավելով և սեփական գիտելիքներն ու փորձը ավելացնելով՝ աշխատավարձդ ավելի ու ավելի կբարձրանա։

Ազատ գրաֆիկ

Շատ հաճախ բացի նրանից, որ կարող ես որոշել, թե որտեղից աշխատել, հաճախ կարող ես որոշել նաև, թե օրվա որ ժամերին աշխատել։ Միակ նախապայմանը աշխատանքը ճիշտ ժամանակին վերջացրած լինելն է։ Այս առավելության շնորհիվ ծրագրավորումը 21-րդ դարի ամենագրավիչ մասնագիտություններից է։ Կարող ես ճանապարհորդել, ժամանակ անցկացնել ընկերներիդ հետ, կամ անել այն, ինչ ուզում ես՝ միևնույն ժամանակ՝ ունենալով աշխատանք ու կայուն եկամուտներ։ Միայն թե կարողանաս ժամանակդ ճիշտ տնօրինել։

Եթե ուզում ես ավելին իմանալ ծրագրավորման մասին, պարզապես չմոռանաս միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ Programming Learners Club

We send the best courses and news for you!
close