Գերմաներեն միայն փաստագրական ֆիլմերում ու Ռամշտայնի երգերից եք լսե՞լ։ Ուրեմն դա բավարար չէ լեզվի մասին կարծիք կազմելու համար։ Այն այնքան էլ կոպիտ ու վախենալու չէ, ինչպես ընդունված է համարել։ Հիտլերի ճառերը վաղուց այլևս չեն բնութագրում ժամանակակից գերմանացու խոսելաոճը։ Իհարկե, եթե այդ գերմանացին չափազանց բարկացած չէ։ 😀
Վերջերս ավելի ու ավելի շատ եմ նկատում հայերի հետաքրքրվածությունը գերմաներենի նկատմամբ։ Պատճառը այն չէ, որ այն չինարենի նման տարածված է և ոչ էլ անգլերենի նման՝ հեշտ լեզու, չնայած բառապաշարի մեջ կան շատ նմանություններ։
Գերմաներեն սովորելու պատճառները շատ են՝
Անվճար, բայց բարձրորակ կրթություն
Ամենակարևոր կետը, որ կնշեմ կրթությունն է։ Գերմանիայում այն անվճար է ու կատարյալ համադրությամբ նաև՝ բարձրորակ։ Գերմանիայի ավելի քան 400 համալսարաններից գոնե մեկում կգտնես այն բաժինը, որը քո կարծիքով այն է, ինչ ուզում էիր։ Քեզ միայն մնում է շատ ուշադիր կարդալ ընդունելության պահանջները, հավաքել փաստաթղթերը, ունենալ գերմաներենի ամենաքիչը A2/B1 մակարդակ ու ուղարկել դիմումը՝ կցելով լեզվի վկայականը (ընդունելության ու լեզվական որակավորման քննությունների մասին ավելի մանրամասն կխոսեմ հետագա հոդվածներիցս մեկում): Ֆորմալ կրթությունից բացի, բավականին մեծ թիվ են կազմում սեմինարները, կոնֆերանսներն ու տարբեր դասընթացները, որոնք հիմնականում նախատեսված են բժիշկների, մանկավարժների, լեզվաբանների, քաղաքագետների ու մենեջմենթով զբաղվողների համար։ Իսկ եթե ժամանակին ճիշտ կողմնորոշված ու PASCH կամ DSD* դպրոցում սովորած լինես, ապա ամբողջ կյանքում առավելություն կունենաս՝ որպես այդ դպրոցներից մեկի շրջանավարտ՝ մասնակցելու տարբեր թեմաներով հանդիպումների տարբեր երկրներում։
*Ոչ գերմանական դպրոցներ են, որտեղ սովորող աշակերտները կարող են ստանալ գերմաներեն լեզվի որակավորման միջազգային վկայականներ՝ հանձնելով համապատասխան քննությունները։
Աշխատանք Գերմանիայում և ոչ միայն
Մեկ այլ ոչ պակաս պատճառ է նաև աշխատանքը։ Շատերը գնում են Գերմանիա այնտեղ վերապատրաստվելու կամ մի քանի տարով աշխատելու համար։ Այդ մասնագետների թվին են պատկանում բժիշկները, ինժեներները, մարկետոլոգները։ Նրանցից պահանջում են հիմնականում B2/C1 մակարդակի լեզվական գիտելիքներ, ինչին հասնելը մեծ ջանք ու աշխատասիրություն է պահանջում, բայց, վերջին հաշվով, վստահ կլինեն, որ իզուր չեն սովորել գերմաներեն, որովհետև բարձր աշխատավարձ ստանալու ու կարիերայում առաջընթացի հնարավորություններ ավելի շատ կունենան։
Դրանից բացի, շատ գերմանական ֆիրմաներ կան մեր հարևան երկրներում, ինչպես նաև եվրոպական երկրներում, որտեղ գերմաներեն իմանալը շատ հաճախ պարտադիր է, իսկ որոշ ֆիրմաներում հենց գերմաներենն է աշխատանքային լեզուն։ Այսպիսով՝ մեծ առավելություն կունենաք՝ իմանալով բարձր մակարդակի գերմաներեն, աշխատաշուկայում միշտ կլինեք պահանջված, քանի որ լեզվակիրների թիվը մեծ չէ, առավել ևս՝ Հայաստանում։
Ընկերներ ամբողջ աշխարհից
Մասնակցելով տարբեր սեմինարների՝ ձեռք կբերես շատ ընկերներ, ովքեր կփոխեն աշխարհայացքդ ու պատկերացումներդ կյանքի մասին։ Կփոխվեն նպատակներդ ու ձեռք կբերես մեծ ինքանավստահություն։ Այսպիսով կդառնաս համաշխարհային ցանցի մի մաս ու արդեն կկարողանաս ինքդ էլ ծրագրեր կազմակերպել, միություններ ձևավորել ու օգնել ընկերներիդ։ Ու եթե հաշվի առնենք, որ գերմաներենը աշխարհի ամենաշատ օգտագործվող վեց լեզուներից մեկն է, հաստատ կգտնես մարդկանց, որ երբևիցե սովորել են գերմաներեն ու իրար կհասկանաք։
Կարդա՛ Ֆրոյդ, լսի՛ր Ռամմշտայն
Ընթերցասերները կհամաձայնեն ու կփաստեն, որ գերմանական գրականությունը իր յուրահատուկ տեղն ունի ամբողջ աշխարհում ու գերմաներեն իմանալը հնարավորություն է տալիս հենց բնօրինակով կարդալու Գյոթե, Շիլլեր, Հայնե կամ Կաֆկա։ համոզված եմ ամբողջովին այլ տպավորություններ կստանաք։ Ինչքան էլ լավ թարգմանված լինի գիրքը, հնարավոր չէ փոխանցել այն, ինչ ուզել է ասել գրողը, երբ այն մայրենիով չես կարդում։ Փիլիսոփայությամբ հետաքրքրվողների համար էլ հետաքրքիր կլինի Ֆրոյդ կարդալը ու ունենալ սեփական, և ոչ թե թարգմանիչի ինտերպրետացիան, ինչը շատ հաճախ չի համապատասխանում նրան, ինչ ֆրոյդն է նկատի ունեցել։
Թվարկեցի գերմաներեն սովորելու ամենակարևոր պատճառները, բայց վստահ եմ յուրաքանչյուրդ էլ նաև ձեր անձնական պատճառը ունեք, ինչը ավելի կմոտիվացնի լեզուն սովորելու ընթացքում։ Միշտ ասել եմ ու կմնամ նույն կարծիքին՝ եթե կարողանաս հասնել B1 մակարդակի ու չվախենաս դժվարություններից, լինես հանդուգն՝ բառի ամենալավ իմաստով, ապա հաստատ կսիրես այս լեզուն ու կշարունակես ուսումնասիրել՝ անտեսելով դժվարությունները, որ կառաջանան ցանկացած օտար լեզու սովորելիս։
Եթե հետաքրքրված ես գերմաներեն սովորելով, միացիր մեր ֆեյսբուքյան խմբին Tutor German Club, որպեսզի ավելի ակտիվ քննարկենք գերմաներեն սովորելու բոլոր գաղտնիքները։
Մինչ ես կգրեմ հաջորդ հոդվածս, կարդա նաև անգլերեն բաժնի հոդվածները՝
Որքա՞ն ժամանակ է պահանջվում անգլերեն սովորելու համար
Ինչո՞ւ պիտի սովորես այս 5 լեզուներից գոնե մեկը
Լեզուներ սովորելու լավագույն ուղին՝ Course.am