search
-
Start Date
End Date

«Հասկանում եմ, բայց չեմ խոսում» կամ 5 մեթոդ ավելի լավ անգլերեն խոսելու համար

Շատերիս է ծանոթ հետևյալ միտքը՝ «ես հասկանում եմ, բայց չեմ խոսում»։  Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է պետք անել բանավոր խոսքի հմտությունները զարգացնելու համար։ Մի անգամ արդեն պատմել եմ, թե ինչպես հաղթահարել օտար լեզվով խոսելու վախը, բայց քանի որ այս հարցը ամենաշատ տրվող հարցերից է, որոշեցի շարունակել այս թեման ու առանձնացնել հինգ ամենաօգտակար քայլերը, որ կարող ես անել բանավոր խոսքը զարգացնելու համար։

Ո՞ւմ հետ կարող ենք ժամերով խոսել։ Իհարկե ընկերների։ Ուրեմն հենց նրանք էլ կլինեն մեր առաջին օգնականները այս հարցում։ Եթե ունես ընկերներ, որոնք տիրապետում են անգլերենին, ապա խնդրիր նրանց, որ միմյանց հետ անգլերենով շփվեք, անգամ համացանցային խոսակցությունները (chat) կարող եք անգլերենով վարել։ Իսկ եթե տանը ևս հասկանում են անգլերեն, ապա շատ ավելի լավ, ընտանիքիդ անդամների հետ էլ կարող ես անգլերենով խոսել, եթե չեն էլ հասկանում, ժամանակի ընթացքում կսովորեն։ Առօրյա խոսակցությունների ժամանակ անհրաժեշտ է լինում օգտագործել այնպիսի բառապաշար, որ դպրոցում կամ համալսարանում հիմնականում չենք սովորում։ Այսինքն՝ եթե տանը կամ ընկերական շրջապատում սկսես անգլերեն խոսել, կսկսես նոր բառեր փնտրել ու սովորել։ Ավելին՝ կզարգացնես օտար լեզվով մտածելու կարողությունը, ինչը օտար լեզվով վարժ խոսելու ամենակարևոր նախապայմանն է։

Ահա մի քանի դասընթաց, որոնց կարող ես հաճախել։

Իսկ դու սիրո՞ւմ ես ինքդ քեզ հետ խոսել։ Եթե անգամ՝ ոչ, ապա սկսիր սիրել։ Չէ որ, եթե մեր մտքերը բարձրաձայնենք, կստացվի, որ խոսում ենք ինքներս մեզ հետ։ Մտքերը բարձրաձայնելու գաղափարը թերևս ամենախելամիտներից չէ, բայց եթե մի թեմա ընտրես ու սկսես հանպատրաստից խոսել այդ թեմայով, բավականին հետաքրքիր, օգտակար, ինչ որ տեղ նաև զվարճալի փորձառություն կլինի։ Երբ գրում էի այս հոդվածի առաջին մասը, արդեն պատմել եմ, որ օրինակ ես շատ եմ սիրում զրուցել հայելու հետ։ Միշտ չէ, որ կարող ես հանճարեղ մտքերդ կիսելու համար զրուցակից գտնել, բայց կարող ես ձայնագրել խոսքդ ու լսել։ Գիտեմ, գիտեմ, ձայնագրություններում իմ ձայնային տվյալներն էլ են մեղմ ասած ահավոր, բայց սա շատ լավ մեթոդ է ինքդ քո սխալները հասկանալու համար։ Այս կերպ կարող ես արտասանությունդ համեմատել լեզվակիրների արտասանության հետ, հասկանալ, թե խոսքի որ հատվածներում թերացար, որ բառերն էին, որ այդպես էլ չհիշեցիր ու շտկել բացթողումներդ։

Կարդալ սիրո՞ւմ ես։ Եթե այնքան էլ տարված չես գեղարվեստական գրականությամբ, ապա մասնագիտական գրքեր կամ ժամանցային հոդվածներ երևի ուսումնասիրում ես, չէ՞։ Ասում են, որ հենց մայրենի լեզվում սահուն, համակարգված ու գեղեցիկ բանավոր խոսք ունենալու համար կարևոր է շատ կարդալը։ Դե պատկերացրու, թե նույնը որքան կարևոր է, երբ օտար լեզու ենք ուսումնասիրում։ Բայց եթե մայրենիում կարելի է պարզապես կարդալ հաճույքի համար, ապա օտար լեզվով գրականություն կարդալիս, եթե ուզում ենք, որ այն ազդեցություն ունենա խոսքի հարստացման վրա, պետք է անել երկու բան՝ կարդալ բարձրաձայն, գոնե սկզբնական շրջանում և հետևել բառապաշարին։ Բարձրաձայն կարդալիս բառերն ավելի լավ են տպավորվում և ավելի ակնհայտ է,  թե որ բառի արտասանությունը հստակ չգիտես։ Այն մարզում է արտասանությունը ու հնչերանգը։ Ամենակարևորը՝ քանի որ երկար ժամանակ բարձրաձայն լսում ենք ինքներս մեր անգլերենը, այն միտքը, թե չենք կարող խոսել օտար լեզվով, ինքնըստինքյան վերանում է։

Եթե հետևում ես բլոգի հրապարակումներին, գիտես, թե ես որքան շատ եմ սիրում գրել ֆիլմերի կարևորության մասին։ (Եթե չես հետևում բլոգին, ուրեմն ո՞ւմ ես սպասում, բա ո՞ւմ համար եմ այսքան գրում)։ Ֆիլմեր դիտելը օգնում է հասկանալ, թե իրականում ինչպես են խոսում հենց լեզվակիրները։ Փորձիր խոսքի մեջ հաճախ օգտագործել այն արտահայտությունները, որ կլսես հերոսներից, եթե առիթ լինի հենց անգլերենով քննարկիր ֆիլմը ընկերներիդ հետ։ Ֆիլմերը կարող ես ենթագրերով դիտել՝ ուշադրությունը կրկին բառապաշարի վրա ֆիքսելով։ Ահա 5 ֆիլմ, որ կարող ես դիտել անգլերենը բարելավելու համար։

Ի՞նչ է պետք խոսելու համար։ Առաջին հերթին՝ հարուստ բառապաշար։ Արդեն գրել եմ այն մասին, թե ինչպես հարստացնել բառապաշարը։ Հիմա շատ կարճ կասեմ՝ շարունակիր դուրս գրել նոր բառեր՝ նոթատետրում, համակարգչում, կպչուն թղթերի վրա, գրքի սպիտակ անկյուններում ու սովորիր դրանք։

  • Մի վախեցիր խոսելուց, որովհետև այլ տարբերակ չկա։
  • Լավագույն արդյունքի հասնելու համար՝ այս բոլոր մեթոդները համադրիր դասընթացների հետ։
  • Երբեք մի դադարիր կատարելագործել խոսքդ։
  • Շարունակիր հետևել բլոգի հրապարակումներին։ 🙂

5 Պատճառ, Թե Ինչու Են Բոլորը Անգլերեն Սովորում
Ինչպես Անգլերենը Կօգնի Քեզ Աշխատանք Գտնել
Որքա՞ն Ժամանակ Է Պահանջվում Անգլերեն Սովորելու Համար

Գրիր ինձ, կարծիքդ, հարցերդ ու առաջարկներդ։ Կսպասեմ։

We send the best courses and news for you!
close