search
-
Start Date
End Date

IELTS թե՞ TOEFL. Ո՞ր թեստը հանձնել

«IELTS թե՞ TOEFL՝ ո՞ր քննությունը հանձնել»: Բլոգի ընթերցողները այս հարցը հաճախ են տալիս: Ես ինքս էլ երկար ժամանակ է ուսումնասիրում եմ այս երկու տեսակի թեստերն ու որոշեցի այս հոդվածում ընդհանրական ներկայացնել հավաքածս տեղեկությունները:

Նախ մի քանի կարևոր հարցերի համառոտ պատասխաններ.

Այս միջազգային թեստերը նախատեսված են ստուգելու ոչ լեզվակիրների անգլերենի գիտելիքները: Յուրաքանչյուր քննություն մի քանի տեսակ ունի՝ IELTS General, IELTS Academic, TOEFL IBT, TOEFL PBT, ընդ որում՝ յուրաքանչյուր տեսակի քննություն առանձնահատուկ կառուցվածք ունի, և անցկացման տևողությունը ևս տարբեր է:

Արտասահմանյան համալսարաններ ընդունվելու մասին հոդվածում արդեն ասել եմ, որ այս համալսարանների մեծ մասը պահանջում է  TOEFL/IELTS սերտիֆիկատ: Բացի այդ՝ Հայաստանում ամերիկյան համալսարան ընդունվելու համար ևս անհրաժեշտ է հանձնել այս քննություններից որևէ մեկը: Հայաստանում TOEFL կամ IELTS սերտիֆիկատ պետք է ներկայացնեն նաև այն ուսանողները, որոնք ցանկանում են շարունակել ուսումը ասպիրանտուրայում:

Քանի որ Հայաստանում հանձնում են TOEFl IBT, իսկ IELTS-ի համար ընդունված է հանձնել Academic տարբերակը, այս հոդվածում կխոսեմ այս երկուսի մասին:

Այս թեստերը բաղկացած են 4 բաժնից՝ ընթերցանություն, ունկնդրում, բանավոր խոսք, գրավոր խոսք: Քննությունը տևում է TOEFL-ի պարագայում՝ մոտ 4 ժամ, IELTS-ի դեպքում՝ 2,5 ժամ:

Այս երկու քննությունների ամենաակնհայտ տարբերությունն այն է, որ TOEFL քննությունը հանձնում ես համացանցի միջոցով՝ համակարգչով, իսկ IELTS քննությունը թղթային է: Սա նշանակում է, որ IELTS քննություն հանձնելու դեպքում բանավոր խոսքի հմտությունները ստուգվում են ոչ թե համակարգչում ձայնագրություն թողնելով, այլ քննությունը վերցնող մասնագետի հետ զրույցի միջոցով, ընդ որում՝ քննության այս հատվածը անցկացվում է մեկ այլ օր: Հաջորդ ամենակարևոր տարբերությունը այն է, որ TOEFL-ի հիմքում ամերիկյան անգլերենն է, իսկ IELTS-ը պահանջում է բրիտանական անգլերենի իմացություն: Ուստի եթե ավելի լավ տիրապետում ես բրիտանական անգլերենին, ավելի հավանական է, որ հեշտությամբ կհանձնես IElTS քննությունը: Սակայն պետք է հաշվի առնել, որ ընդհանուր գնահատականը չի նվազում, եթե անգամ մի թեստի ժամանակ մյուս դիալեկտով խոսես: Ի վերջո պետք է հաշվի առնել, որ TOEFL թեստը կազմված է ամերիկյան մտածելակերպի ու մշակույթի առանձնահատկությունները հաշվի առնելով, իսկ IELTS-ի հիմքում՝ բրիտանական մշակույթն է:

IELTS հանձնած ընկերներիցս մեկը ասում է, որ ընտրել է այս քննությունը, որովհետև սիրում է աշխատել թուղթ ու գրիչով, ոչ թե համակարգչով, իսկ TOEFL-ի թղթային տարբերակով քննություններ անցկացվում են տարին ընդամենը վեց անգամ և այլ երկրներում: Իսկ TOEFL սերտիֆիկատով ամերիկյան համալսարան ընդունված աղջիկներից մեկը ասում է, որ ցանկացած պարագայում կարևորը լավ պատրաստվելն է:

  • Ամերիկյա՞ն անգլերեն ես ուսումնասիրել թե՞ բրիտանական։
  • Ինչի՞ հետ աշխատանքն է քեզ համար առավել հարմարավետ՝ համակարգչի՞, թե՞ թղթի։
  • Արդյո՞ք քեզ հարմարավետ ես զգում, երբ ինչ որ մեկն է քեզ հարցեր տալիս։
  • Արա՞գ ես աշխատում ստեղնաշարով, կամ հասկանալի ձեռագիր ունե՞ս, թե՞ ոչ:

Արդեն ունե՞ս մոտավոր պատասխան, ինձ այն շատ է հետաքրքրում

Ի վերջո հիշիր, որ ցանկացած հմտություն կարելի է զարգացնել, եթե շատ աշխատես:

Անգամ ընտրություն կատարելուց հետո, չմոռանաս հետևել բլոգի թարմացումներին, որովհետև ավելի եմ մանրամասնելու յուրաքանչյուր քննության կառուցվածքն ու բացահայտելու պատրաստվելու գաղտնիքները:

Մինչ նոր հոդվածները պատրաստ կլինեն, կարդա այն մասին, թե որ համալսարաններ կարող ես ընդունվել՝ հանձնելով այս քննություններից որևէ մեկը:

Ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան
Ընդունվել Լոնդոնի Համալսարանական Քոլեջ

Սովորել լեզուներ. ուսանել լավագույն համալսարաններում

Չմոռանաս գրել ինձ հարցերդ։

We send the best courses and news for you!
close