search
-
Start Date
End Date

Լեզուների ուսուցման 4 մոտեցում

Լեզուների ուսուցման բազմաթիվ հին ու նոր մոտեցումներ կան։ Հենց այս մոտեցումների ճիշտ ընտրությունից է կախված ուսուցման արդյունավետությունը, իսկ ընտրությունը պետք է կատարել կախված մի շարք հանգամանքներից՝ուսանողների տարիքային պատկանելություն, լեզվի տիրապետման մակարդակ, աշխատասիրություն, սովորելու ցանկություն և այլն։ Այս հոդվածում կպատմեմ այսօր կիրառելի ուսուցման լավագույն մոտեցումների մասին և հուսամ, որ այն կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել լեզվի դպրոցն ընտրելիս։

Շարունակ գրավոր առաջադրանքներ կատարելու փոխարեն՝ լսել ու խոսել

Այս մեթոդի էությունն այն է, որ օտար լեզուն սովորում ենք այնպես, ինչպես երեխան սովորում է մայրենի լեզուն՝ լսելով ուրիշներին ու խոսելով։ Դասասենյակում արգելվում է օգտագործել մայրենին, պետք է խոսել միայն ուսուցանվող լեզվով։ Եթե որևէ բան չես կարող ասել, ապա պետք է ցույց տալ, կամ որևէ կերպ հասկացնել, բայց երբեք չօգտագործել մեկ այլ լեզու։ Քանի որ այս մեթոդի օգտագործման դեպքում շեշտը դրվում է միայն խոսելու ու լսելու վրա, հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց քերականությունը։ Քերականանական կանոններն այս դեպքում ուսուցանվում են ինդուկցիայի մեթոդով, այսինքն` անընդհատ լսելով ու խոսելով` ինքդ ես եզրակացնում, թե որ դեպքում, որ կանոնն է պետք օգտագործել։ Սա հիանալի մեթոդ է, հատկապես երբ ուզում ես զարգացնել բանավոր խոսքը։ Եթե կարծում ես, որ սա հենց այն էր, ինչ քեզ պետք է, կարող ես գտնել այն դպրոցը, որտեղ լավագույնս կիրառվում է այս մեթոդը։

Պատմիր քո մասին անգլերենով կամ լսիր մյուսների պատմությունները

Սա լեզվի ուսուցման ամենատարածված և ամենաընդունված ձևերից է։ Ուսանողները այս դեպքում սովորում են լեզուն միմյանց հետ խոսելով, հարցազրույցներ են անում, խմբային աշխատանքներ կատարում կամ դերային խաղեր խաղում։ Այս մեթոդի առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ տրված հանձնարարությունները ևս հիմված են հաղորդակցման վրա։ Օրինակ` ուսուցիչը հանձնարարում է ուսուցանվող լեզվով հարցազրույց վերցնել քո գործընկերներից և արդյունքների մասին պատմել հաջորդ դասին։ Այս մոտեցումը հաջողությամբ կիրառվում է տարիքային և լեզվի իմացության տարբեր մակարդակների բոլոր խմբերում։ Սա բանավոր խոսքը զարգացնելու հիանալի մեթոդ է և կիրառվում է Հայաստանի գրեթե բոլոր լեզվի դպրոցներում։

Սովորիր լեզուներ օգտագործելով հեռախոսն ու համակարգիչը

Իսկապես հաճ ելի է, երբ ցանկացած պահի կարող ես կապվել ուսուցչիդ հետ, կամ գտնել նոր բառի բացատրությունը՝ առանց հաստափոր բառարանը շարունակ թերթելու։  Այս ամենը հնարավոր է բարձր տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև լեզուների ուսուցման ձևերի վրա։ Տարբեր տեխնոլոգիաների օգտագործումը՝ հեռախոսներ, համակարգիչ, թաբլեթներ, էականորեն հեշտացրել է թե՛ ուսուցիչների, թե՛ ուսանողների աշխատանքը։ Ինչպես անունը հուշում է, մոտեցման հիմքում ինտերնետային գրքերի, գրադարանների, նկարների, աուդիո և վիդեո նյութերի, հավելվածների օգտագործումն է, ինչպես նաև շփումը դասախոսների հետ սոցիալական ցանցերի միջոցով։ Այս մոտեցումը առանձնահատուկ է նրանով, որ կարող է օգտագործվել նախորդ բոլոր մեթոդները կիրառելիս։

Կատարիր բազմազան առաջադրանքներ ու սովորիր լեզուն

Քեզ ոչ ոք չի սովորեցնում ժամանակաձևեր, բայց դու դրանք սովորում ես։ Հետաքրքրեց,  թե ինչպե՞ս։ Տարբեր առաջադրանքներ կատարելով։ Այս մոտեցման յուրահատկությունն այն է, որ ուսուցիչը ենթադրվող ստանդարտ լեզվական դասապլանով չի առաջնորդվում։Նա պարզապես առաջադրանք է մշակում ու տալիս ուսանողներին. դա կարող է լինել փոքրիկ հետազոտություն, բանավեճ, հարցում։ Առաջադրանքը ըստ տրված պահանջների կատարելու ընթացքում՝ ուսանողները օգտագործում են իրենց լեզվական գիտելիքը, իսկ որևէ բան չիմանալու պարագայում դիմում ուսուցչին։ Այսպիսով՝ ուսանողները կատարում են տրված հանձնարարությունը, որը այնպես է կազմված, որ անկախ իրենց կամքից, լեզվական նոր գիտելիք են ստանում։

Ճիշտ ճանապարհով լեզվի ուսումնասիրությունը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ այն ընկալելու արագության ու որակի վրա։ Եթե անգամ ընտրել եք մի մոտեցում ու հասկացել, որ այն ձեզ չի բավարարում, մի վարանեք փոխարինել այն մեկ ուրիշ մոտեցմամբ կամ համատեղել մի քանի մոտեցումներ։

We send the best courses and news for you!
close