search
-
Start Date
End Date

5 պատճառ, թե ինչու են բոլորը անգլերեն սովորում

Մի պահ պատկերացրու, որ սովորելով ընդամենը մեկ լեզու՝ կկարողանաս հաղորդակցվել մոլորակի վրա ապրող 1.5 միլիարդ մարդկանց հետ։Հիանալի է, այնպես չէ՞։ Բայց սա անգլերենին տիրապետելու միակ առավելությունը չէ։ Այս հոդվածում առանձնացրել եմ այն հիմնական 5 պատճառները, թե ինչու է անգլերեն սովորելը օգտակար, անհրաժեշտ ու ինչու ոչ՝ հաճելի։

Սկսած այն դասասենյակից, որտեղ մասնակցում ես անգլերենի դասերի՝ հնարավորություն ես ստանում ծանոթանալու նոր մարդկանց հետ։ Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ ծրագրավորողներ, բժիշկներ, խոհարարներ ու դերասաններ հավաքվում են այդ նույն սենյակում, որովհետև հասկացել են անգլերենն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Սա հիանալի հնարավորություն է՝ ծանոթանալու, շփվելու ու ընկերանալու քեզնից այդքան տարբեր, բայց քեզ հետ միևնույն նպատակին ձգտող մարդկանց հետ։ Իսկ ծանոթությունների շրջանակը, անգլերենին որոշակի մակարդակով տիրապետելու դեպքում, հետագայում կարող է ավելի ընդլայնվել։ Այս լեզուն կիրառելու ունակության  շնորհիվ կարող ես մասնակցել միջազգային տարբեր համաժողովների ու դասընթացների՝ այդպիսով ծանոթանալով աշխարհի տարբեր անկյուններից եկած, ազգային տարբեր առանձնահատկությունների տեր մարդկանց հետ։

Երազո՞ւմ ես իրավագիտություն ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում կամ շուկայագիտություն ՝ «Օքսֆորդում», գուցե դառնալ Կոլումբիայի համալսարանում ուսանած լավագույն կինոռեժիսորներից մեկը։  Այս երազանքներն իրականություն դարձնելու առաջին քայլը անգլերեն սովորելն է: Պատճառը շատ պարզ է. այս և աշխարհի այլ լավագույն համալսարաններում ուսուցման լեզուն անգլերենն է։ Ավելին՝ եթե ցանկանում ես կրթաթոշակ ստանալ արտասահմանում սովորելու համար, ապա անգլերենի միջազգային քննություններց մեկը` IELTS կամ TOEFL հանձնելը պատադիր նախապայման է:

Ամեն օր մենք օգտվում ենք համացանցի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից ՝ շփվում ենք ընկերների հետ ֆեյսբուքում, նկարներ տեղադրում ինստագրամում, պաշտոնական նամակներ ուղարկում էլ. փոստով, աշխատանք փնտրում կամ առցանց գնումներ կատարում։ Որքան դժվար է կատարել այս գործողությունները, երբ չես հասկանում, թե ինչպես փոխել գաղտնաբառերը, պահպանել կամ ջնջել նամակները, կամ ավելի բարդ գործողություններ կատարել՝ անգլերենին չտիրապետելու պատճառով։ Իհարկե կան կայքեր, որոնք նաև հայերեն թարգմանություն ունեն, սակայն շատ հաճախ օրիգինալ իմաստը լիարժեք չի փոխանցվում։ Լինում է, որ համացանցում երկար ժամանակ փնտրում ենք տեղեկատվություն որևէ հետազոտության շրջանակներում, վերջապես գտնում ենք ցանկալի նյութերը, սակայն դրանք միայն անգլերենով են։ Այսպիսով, գաղտնիք չէ, որ համացանցում տեղեկատվության ավելի քան 70%-ը անգլերենով է։

Փնտրում ես աշխատանք և տասնյակ հայտարարություններից վերջապես հանդիպում մեկին, որի պահանջները լիովին համապատասխանում են քո ունակություններին, ապա նկատում ես հետևյալ նշումը՝ «Անգլերենի իմացությունը պարտադիր է»։ Եթե միայն չլիներ այս պահանջը, դու հավանաբար ամենաիդեալական մասնագետը կլինեիր այս աշխատանքի համար։ Պատահում է նաև, որ մասնագիտական գործունեության հնարավորություն է ստեղծվում արտերկրում, հենց այն, ինչին երկար ժամանակ սպասում էիր, սակայն դու կրկին ստիպված ես հրաժարվել՝ հենց լեզվական խնդիրների պատճառով։ Շատերը, մի քանի անգամ հանդիպելով այսպիսի դժվարությունների,  վճռական որոշում են կայացնում ու ուսումնասիրում այդքան մեծ պահանջարկ ունեցող անգլերենը՝ դառնալով բարձրակարգ մասնագետներ։ Եթե այս դրվագը քեզ ծանոթ էր, գուցե դո՞ւ էլ առաջին քայլն անես։

Համացանցի, բիզնեսի ու գիտության լեզուն լինելուց բացի, անգլերենը նաև գրականության լեզուն է։ Հենց այս լեզվով է Շեքսպիրը գրել իր սոնետները, Օրուելը իր անտիուտոպիստական «1984»-ն ու «Անասնաֆերման», Ֆիցջերալդը իր վեպերն ու Քարվերն իր պոեզիան։ Հենց այս ստեղծագործությունները բնօրինակով կարդալու ցանկությունն է այս հոդվածի հեղինակի և շատ այլ մարդկանց համար անգլերեն սովորելու խթան դարձել։ Վստահ եմ՝ դու էլ կցանկանայիր խուսափել նույնիսկ լավագույն թարգմանություններում առկա իմաստային խեղաթյուրումներից ու կարդալ ստեղծագործությունը հենց այն բառերով, որով վերը նշված և շատ այլ աշխարհահռչակ հեղինակներ նկարագրել են իրենց ֆանտաստիկ, իրական և զավեշտալի պատմությունները։

Եթե անգամ կարծում ես, որ այս պատճառներից ոչ մեկը բավարար չէ, որպեսզի սկսես ուսումնասիրել նոր լեզու՝ քերականություն  և բառապաշար, ապա հիշիր, որ, անգլերենը ամենահեշտ ուսուցանվող լեզուներից մեկն է, ու այն սովորելը չափազանց զվարճալի ու հաճելի գործընթաց է՝ հատկապես համացանցի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ։

We send the best courses and news for you!
close